image

Քանյե Ուեսթը, Սնուփ Դոգը, Dr. Dre-ն և այլ հայտնիներ՝ Արմեն Քելեշյանի լուսանկարչական ապարատով

Քանյե Ուեսթը,  Սնուփ Դոգը, Dr. Dre-ն  և այլ հայտնիներ՝  Արմեն Քելեշյանի լուսանկարչական ապարատով

Չնայած երիտասարդ տարիքին՝ լիբանանահայ լուսանկարիչ Արմեն Քելեշյանը հասցրել է լուսանկարել այնպիսի հայտնիների, ինչպիսիք են Dr. Dre-ն, Քանյե Ուեսթը,  Սնուփ Դոգը, Ուիզ  Խալիֆան, Թայգան և այլ հայտնի ռեփերներ ու ժամանակակից երգիչներ:  Քելեշյանը մասնագիտացած է ռեփ, հիփ-հոփ և ժամանակակից ժանրի այլ համերգներ ու միջոցառումներ լուսանկարելու և աստղային կյանքը լուսաբանելու գործում: Նրա սարքի չխկոցների տակ են հայտնվել այս ասպարեզի բոլոր աստղերը: 

Հայ տղայի մասին գրել է արտասահմանյան մամուլը, իբրև ռեփերների  և հիփ-հոփ երգիչների լավագույն լուսանկարները ստեղծած լուսանկարչի: 

Արմեն Քելեշյանը սովորել է Լիբանանում՝ հայկական դպրոցում, լուսանկարչությանն անդրադարձել է 16 տարեկանում, այնուհետև ինքն իր համար ճանապարհ է հարթել՝ անձամբ կապվելով համերգների կազմակերպիչների և աստղերի պրոդյուսերների հետ: Հաջողությունները հաջորդել են մեկը մյուսին, և այսօր Արմեն Քելեշյանը ԱՄՆ-ի  երաժշտական կյանքը լուսաբանող լավագույն լուսանկարիչներից է: Նա այն եզակիներից է, որ ընթրել է Շոն Քոմսի՝ Դիդիի և այլ աստղերի առանձնատներում,  ազատ մուտք ունի ստուդիաներ, պրոդյուսերական կենտրոններ և սրճարաններ, որտեղ այցելում են աստղերը: Իսկ մեծ համերգներին և Գրեմիի մրցանակաբաշխությանը նա մուտք է գործում ինչպես յուրային, ճամբորդում է աստղերի հետ և ստեղծում լուսանկարչական ամբողջական շարքեր: 

(Լուսանկարները՝ Արմեն Քելեշյանի կայքում armenkeleshian.com և  Ինստագրամի   էջում): Կայքի  «Դիմանկարներ» բաժնում  կան նաև հայտնի ու անհայտ մարդկանց դիմանկարները, որոնց նա գեղարվեստական շունչ է տվել: 

Հայ լուսանկարչի աշխատանքները տպագրվում են  երաժշտական ամսագրերում և կայքերում, The New York Times-ում, Billboard-ում, GQ-ում, Complex-ում, Highsnobiety-ում, Hypebeast -ում,Genius-ում, Showtime-ում,  Revolt-ում և այլ հայտնի հարթակներում: 

Ամերիկյան մամուլի հետ հարցազրույցում Արմենն ասել է, որ իր ստացած հայկական կրթության և հայկական դաստիարակության համար պարտական է ծնողներին. Քելեշյանի հայրը հայկական ցեղասպանության հարցերով հետազոտող Միսաք Քելեշյանն է, մայրը՝ Լիբանանի հայկական համայնքում հասարակական գործիչ՝ Մայդա Քուրեջյանը: 


 



Արմեն Քելեշյանը

 


 

 

 

 

 

 

 

 

Ավելի շատ լուսանկարներ՝ Արմեն Քելեշյանի   Ինստագրամում