Այսօր Ստամբուլի հայաշատ Ֆերիգյուղի Ս. Վարդանանց եկեղեցում կատարվեց պոլսահայ նշանավոր գրող Զահրատի կնոջ՝ Անայիս Անդրեասյան-Յալտզջյանի հոգեհանգիստը, որից հետո նրան հուղարկավորեցին Շիշլիի հայկական գերեզմանատանը՝ ընտանեկան դամբարանում։
Արարողությունները կատարվեցին ամուսնու՝ Զահրատի ծննդյան օրը։ Այսօր՝ մայիսի 10-ին Զահրատի 101-ամյակն է։ Շիշլիի հայկական գերեզմանատան Մտավորականների եւ արվեստագետների պանթեոնում է հուղարկավորված Զահրատը, որ մահացել է 2007-ին։ Նրա կինը կենդանության օրոք ընտանեկան դամբարանաքարի վրա փորագրել է տվել նաեւ իր անունը եւ 18 տարի սպասել սիրելի ամուսնուն միանալու համար...
Մեծ գրողի այրին շատ կապված էր ամուսնուն, ամեն օր ապրում էր նրա հուշերով, ընդունում Զահրատի գրականության սիրահարների, մտավորականների եւ Զահրատի ապրած տանը ստեղծում յուրօրինակ մթնոլորտ։ Նա նաեւ մեծ ջանք է ներդրել՝ Զահրատի անտիպները հրատարակելու գործում, իսկ գրողի արխիվն էլ հանձնել էր Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան։ Զահրատի այրին նույնպես ստեղծագործում էր։
Վերջին մեկ տարին Անահիտ Անդրեասյանը առողջական խնդիրներ ուներ, մահացել է մայիսի 7-ին։ Հոկտեմբերին լրանալու էր նրա 100-ամյակը։