image

«Վերնախաւին համար ցաւոտ փոփոխութիւններ». Ռուբէն Վարդանեան

 «Վերնախաւին համար  ցաւոտ փոփոխութիւններ». Ռուբէն Վարդանեան

Արցախի Հանրապետութիւնը այսօր կը նշէ անկախութեան հանրաքուէի, Սահմանադրութեան եւ Մարդու հիմնարար իրաւունքներու օրը: Օրուան առթիւ, 10 դեկտեմբերին, ուղերձով հանդէս եկած է Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեան:

«Արցախն այսօր նշում է անկախութեան հանրաքուէի, Սահմանադրութեան եւ Մարդու հիմնարար իրաւունքների օրը:

Երեսունմէկ տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում կայացաւ անկախութեան համահանրապետական հանրաքուէն: Քուէարկութեանը 108 736 մասնակիցներից  անկախութեանը «կողմ» քուէարկեց 108 615-ը (քուէարկողների 99,89 %-ը): 

Երեք տասնամեակ շարունակ Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել ու պահանջել միջազգային հանրութիւնից, ինչպէս նաեւ Ատրպէյճանից՝ յարգել ու ճանաչել իր անկախ ապրելու իրաւունքը: Արցախցիների ազատ ապրելու կամքը կոտրելու համար Ատրպէյճանը ձեռնարկել է լայնամասշտաբ պատերազմներ՝ պատճառել անդառնալի կորուստներ եւ ցաւ, բայց այդքանով հանդերձ՝ արցախահայերը շարունակում են յամառ կերպով պայքարել իրենց մայր հողի վրայ ազատ ու անկախ ապրելու իրաւունքի համար: 

Որպէս պետնախարար տարբեր առիթներով շփուել եմ Ստեփանակերտում եւ Արցախի այլ շրջաններում ապրող իմ հայրենակիցների հետ: Գիտեմ, թէ որքան անորոշութիւն, դառնութիւն ու ցաւ կայ արցախցիների սրտում, բայց ես նաեւ տեսել եմ նրանց յամառութիւնը, սեփական հողի վրայ ապրելու յամառ ձգտումը: Արցախի հանդէպ սէրն ու նուիրումը բառերով  չես կարող բացատրել, դա տոկոնութեան եւ չյանձնուելու ցուցիչ է: 

Ես ձեր բոլորի հետ միասին պատրաստ եմ շարունակել այս բարդ ճանապարհը, որն ընտրել ենք 31 տարի առաջ այս օրը: 

Բայց մենք, լինելով ուժեղ եւ յամառ մարդիկ, պէտք է նաեւ սովորենք մեր սխալները վերհանել, չվախենալ դրանք շտկելուց, տեսնենք խնդիրները եւ աշխատենք դրանց լուծման ուղղութեամբ: Ինձ համար շատ կարեւոր է նաեւ պատերազմների հետեւանքով տեղահանուած արցախցիների ճակատագիրը եւ նրանց ակտիւ ներգրաւուածութիւնը Արցախի կեանքում, որը հնարաւոր է միայն կենսական պայմանների առկայութեան դէպքում՝ ապահովելով անվտանգութիւնը, ստեղծելով բարենպաստ պայմաններ՝ նրանց հայրենիք վերադարձը հնարաւորինս արագ կազմակերպելու համար։

Փոխուելով, սխալները ուղղելով ու միասին խնդիրները լուծելով՝ մենք կը կարողանանք փոխել մեր ներկան ու երաշխաւորել ապագայ Արցախի համար: Արցախում ապրող շուրջ 30 հազար երեխաներն արժանի են լուսաւոր ու ապահով ապագայ ունենալ, արժանի են վայելել խաղաղութիւնը եւ չառերեսուել նոր պատերազմի հետ, նրանք արժանի են մեծանալ ու ապրել ազատ, անկախ ու ժողովրդավար Արցախում: Եկէք մեր գործով, նուիրումով ու միասնականութեամբ նրանց համար երաշխաւորենք այդ ապագան»,-ըսուած է ուղերձին մէջ: