image

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի շնորհաւորական ուղերձը Հայոց բանակի 30-րդ տարեդարձին առթիւ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի շնորհաւորական ուղերձը Հայոց բանակի 30-րդ տարեդարձին առթիւ

Վարչապետ Նիկոլ Փաշինեան շնորհաւորական ուղերձ յղած է ՀՀ Զինուած ուժերու կազմաւորման 30-րդ տարեդարձին կապակցութեամբ:

«Սիրելի հայրենակիցներ,

Զինուած ուժերի յարգելի ներկայացուցիչներ,

Բոլորիս շնորհաւորում եմ Հայաստանի Հանրապետութեան Զինուած ուժերի կազմաւորման 30-րդ տարեդարձի կապակցութեամբ:

Այս երեք տասնամեակների ընթացքում հայկական բանակն ունեցել է ե՛ւ փառապանծ օրեր, ե՛ւ անցել բազմաթիւ փորձութիւնների միջով:

Հայ ժողովուրդն արժանւոյնս է գնահատում մեր բոլոր հերոս տղաների` այն զինուորների, սպաների, գեներալների, կամաւորների սխրագործութիւնները, ովքեր մինչեւ վերջ, անմնացորդ պայքարել են յանուն Հայրենիքի պաշտպանութեան, անվտանգութեան, ինքնիշխանութեան ու տարածքային ամբողջականութեան ապահովման:

Այսօր մենք գնում ենք Զինուած ուժերի հետագայ զարգացմանն ուղղուած համակարգային բարեփոխումների ճանապարհով` վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առաւելութիւնները, բացթողումներն ու խնդիրները: Հայաստանի Հանրապետութիւնն ունենալու է արհեստավարժ բանակ, եւ կառավարութիւնն այդ աշխատանքը կատարելու է անյոգնել, առանց ընկճուելու եւ առանց յոռետեսութեան` մեր ապագայ անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լաւատեսութեամբ զինուած: Բանակի մարտունակութիւնը, սպառազինութիւնը, ծառայութեան պայմանները բարելաւելը մեր առաջնահերթութիւնն է:

2018 թուականից ՀՀ կառավարութիւնը սկսել է զինծառայողների ընկերա-կենցաղային պայմանների բարելաւման գործընթացը, եւ այն կրելու է շարունակական բնոյթ: Հայաստանի Հանրապետութեան իւրաքանչիւր զինուոր, սպայ պէտք է զգայ պետութեան աջակցութիւնը, եւ այդ գործում մենք լինելու ենք հետեւողական: Զինուորական, սպայական ծառայութիւնը պիտի լինի հանրային առանձնայատուկ յարգանքի եւ պատկառանքի առարկայ, ինչը պիտի արտայայտուի նաեւ զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների ընկերային յատուկ երաշխիքների համակարգով:

Սրան զուգահեռ պիտի բարձրանան նաեւ ծառայութեան գնահատման` մտաւոր, արհեստավարժ, ֆիզիքական ու հոգեբանական պատրաստութեան չափանիշները, եւ այս կէտերի վրայ պէտք է յենուի հանրային յարգանքն ու պատկառանքը բանակի նկատմամբ:

Սիրելի հայրենակիցներ,

Բանակի օրուայ առիթով առանձնայատուկ շնորհաւորում եմ Հայոց բանակի ձեւաւորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամաւորներին, զինուորներին, սպաներին, գեներալներին:

Շնորհակալութիւն եմ յայտնում մեր Հայրենիքի բոլոր պաշտպաններին, բոլոր զինծառայողներին այն զոհողութիւնների համար, որոնց գնացել են մեր երկրին ու ժողովրդին` ստեղծուած բարդ պայմաններում անմնացորդ ծառայելու համար:

Շնորհակալութիւն եմ յայտնում նաեւ նրանց ընտանիքներին` համբերութեան, տոկունութեան եւ իրենց զինծառայող հարազատների ու Հայրենիքի թիկունքին ամուր կանգնելու համար:

Խոնարհւում եմ մեր հերոս նահատակների առաջ. նրանց յիշատակն անմահ է, գործը` սրբազան:

Աստուած պահապան Հայոց բանակին»: