Վաղը՝ Օգոստոսի 18-ին, Աստվածածնի վերափոխման տոնն է, որ ժողովրդի մեջ հայտնի է Խաղողօրհնեք կամ Աստվածածին անուններով:
Աստվածածնի վերափոխման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավարներից չորրորդն է եւ Տիրամոր նվիրված տոներից ամենահինը:
Տոնակատարության օրը, պատարագից հետո, կատարվում է խաղողի օրհնություն, հետո հավատացյալները ճաշակում են տարվա առաջին խաղողը, օրհնված խաղողը ընծայում բարեկամներին: Ավանդույթին հավատարիմ՝ առաջին խաղողն ուտում են միայն օրհնվելուց հետո, դրա համար այս տոնն իր մեջ նաեւ խաղողի պահքի խորհուրդն ունի:
Օրվա առթիվ տոնելի են Մարիամ, Մարո, Մերի, Մարյանուշ, Տիրուհի, Իսկուհի, Մաքրուհի, Սրբուհի, Թագուհի, Լուսիկ, Լուսածին, Լուսաբեր, Լուսամայր, Արփենիկ, Երանյակ, Երանուհի, Արեւիկ, Լուսնթագ, Աղավնի, Մարգարիտ, Նազիկ, Նազելի, Տենչալի, Դշխո, Բերկրուհի, Պերճուհի, Ազնիվ, Անթառամ, Արուսյակ, Կուսինե, Վերգինե, Վերժին, Արշալույս, Գեղանուշ, Գեղանի, Երջանիկ անունները: