image

Ծառատունկ Երեւանում՝ ի հիշատակ տիգրանակերտցի Հակոբ եւ Պայծառ Բուրուջյանների

 Ծառատունկ Երեւանում՝ ի հիշատակ տիգրանակերտցի Հակոբ եւ Պայծառ Բուրուջյանների

Այս տարվա հուլիս ամսին ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին մասնակցած Ռիջինա Բուրուջյան-Օդիշուի խնդրանքով և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի համաձայնությամբ օգոստոսի 1-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հիշողության պուրակին հարակից տարածքում տնկվեց արծաթափայլ եղևնի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած տիգրանակերտցի Հակոբ և Պայծառ Բուրուջյանների (Hagop and Beizar Bouroudjian), տեղեկանում ենք թանգարան-ինստիտուտից: 

Ծառատունկին մասնակցելու համար ԱՄՆ-ից Հայաստան էին ժամանել Հակոբ և Պայծառ Բուրուջյանի ժառանգները՝ թոռները, ծոռները և այլք: ԱՄՆ-ի Լիբերթվիլ քաղաքի ավագ դպրոցի ուսուցիչ Ռիջինա Բուրուջյան-Օդիշուն իր խոսքում նշեց, որ անչափ ուրախ է և հուզված խորհրդանշական այս ծառատունկի կապակցությամբ: «Այսօր այստեղ մենք հիշում և հիշատակում ենք մեր պապիկին ու տատիկին, որոնք անցնելով ցեղասպանության արհավիրքով փրկվել են և վերապրել: Մենք այստեղ ենք ոչ թե որպես Հայոց ցեղասպանության զոհի ժառանգներ, այլ պայքարած և ցեղասպանությունը վերապրած Հակոբ և Պայծառ Բուրուջյանների ժառանգներ»:

 Հակոբ և Պայծառ Բուրուջյանները ապրել են Տիգրանակերտում (Դիարբեքիր): Հայոց ցեղասպանության տարիներին նրանց հարազատները դաժանաբար սպանվել են: Պայծառն ու նրա մայրը՝ Սառան, բռնագաղթի ճանապարհի վաճառվել են մի թուրք ընտանիքի, որտեղ նրանց խոշտանգել են: Անընդհատ ծեծի արդյունքում Պայծառը կորցրել է լսողությունը: Հակոբն Արևելյան լեգեոնի կազմում մասնակցել է ռազմական գործողությունների: Դաժան դեգերումներից հետո Պայծառը և Հակոբը միմյանց հանդիպել են Եգիպտոսում, որտեղ էլ ամուսնացել են: Այնուհետև նրանք տեղափոխվել են Երուսաղեմ, ապրել Երուսաղեմի Հայկական թաղամասում: Հակոբ Բուրուջյանի մահից հետո (1955/56 թ.)Հակոբ և Պայծառ Բուրուջյանների 6 երեխաները տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Չիկագոյում, որտեղ էլ այժմ ապրում են նրանց ժառանգները:

Ծառատունկից հետո Բուրուջյանները հանդիպեցին ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանին, որը տեսաձայնագրեց  նրանց ընտանիքի պատմությունը: