Քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարներից մեկը՝ Տիգրանակերտի (Թուրքիա) Սուրբ Կիրակոս եկեղեցին, որ նաեւ Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին է, վերաբացվելու է այս շաբաթ: Եկեղեցին երկար ժամանակ է՝ նորոգվում էր, եւ վաղը՝ շաբաթ, մայիսի 7-ին, այնտեղ պաշտամունք պիտի կատարվի՝ նախագահությամբ՝ Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանի: Պատրիարքարանից տեղեկացանք, որ հաջորդ օրն էլ՝ կիրակի առավոտյան, պատարագ պիտի մատուցվի եկեղեցում: Արարողությանը նախատեսված է նաեւ Թուրքիայի պետական պաշտոնյաների, քույր եկեղեցիների հոգեւորականների եւ ուխտավորների մասնակցությունը:
Ս. Կիրակոս եկեղեցու անունն առաջին անգամ հանդիպում է 1610-1615 թվականներին՝ Սիմեոն Լեհացու «Ճանապարհորդություն» աշխատության մեջ։ Երբ 1515 կամ 1518 թվականին ենթադրաբար Ֆաթիհ Փաշա մզկիթի հարևանությամբ գտնվող ս. Թեոդորոս եկեղեցին վերածվեց մզկիթի, եկեղեցուն պատկանող գերեզմանոցում կառուցվեց ս. Կիրակոս եկեղեցին։ 7 խորան ունեցող եկեղեցու կառուցման կոնկրետ տարեթիվը հայտնի չէ։ Այս եկեղեցու համալիրի մեջ են գտնվում նաև ս. Սարգիս եկեղեցին ու ս. Հակոբ մատուռը։
Հայ ժողովրդին սպասարկող ս. Կիրակոս եկեղեցին քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարներից մեկն է։ 1950-1960-ական թթ. այստեղ հազարի հասնող հայերը իրենց կրոնական արարողությունները կատարում էին կանգուն մնացած խորանում։ Այսօր այդ բնակավայրում քչաթիվ հայություն է մնացել: