image

«Տեսել ու տեսնում եմ յաղթանակը, դրա ժամանակը հեռու չէ»․ Բագրատ Սրբազանի Հրազդան այցը

«Տեսել ու տեսնում եմ յաղթանակը, դրա ժամանակը հեռու չէ»․ Բագրատ Սրբազանի Հրազդան այցը

«Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազան աջակիցներուն հետ Հրազդան եղած է եւ հանդիպած բնակիչներուն հետ։

Հանդիպման կարճ ելոյթ ունեցած է Շարժման նախաձեռնողներէն Գառնիկ Դանիէլեան։

«Ձեր աջակցութեամբ պէտք է կարողանանք հասնել Շարժման տրամաբանական աւարտին։ Հանդիպելով տարբեր մարզերում մեր հայրենակիցների հետ՝ կարող եմ ասել, որ վախի մթնոլորտի յաղթահարումն է ամենամեծ խնդիրը։ Այսինքն, այս պահին ոչ թէ այն է խնդիրը, որ իշխող վարչախումբն ունի ժողովրդի աջակցութիւնը, այլ ժողովրդի միջից վախի մթնոլորտը դուրս հանելն է։ Մեր նպատակն է այդ վախի մթնոլորտը յաղթահարելը, ի վերջոյ կարողանանք մարդկանց ասել՝ չկայ աւելի կարեւոր նպատակ, քան հայրենիքի ազատագրումն է օկուպացիոն (բռնագրաւող)  ռեժիմից», - ըսած է ան։

Բագրատ Սրբազան իր խօսքին մէջ նշած է, որ այցելութիւնները վերստին մարդոց տեսնելու առիթ են։

«Այս շրջանը, պայքարի ամբողջ ընթացքը ոմանց համար տեսանելի է, ոմանց համար՝ ոչ։ Այս փուլը պէտք է լինի մեր մտքերի պատրաստութեան փուլը, երբեք թոյլ չտալու, որ բարիքի տեսքով չարիքը ներխուժի մեր մտածողութեան մէջ։ Շատ հարցերի պատասխան մենք գուցէ չունենք, բայց մի հարցի պատասխան ունենք՝ մեր երկիրն ու մեր պատիւը վերականգնելն է, միջոցներն ու հնարաւորութիւնները մեր ձեռքում են։ Յաղթանակը պէտք է տեսնենք, ես տեսել եմ ու տեսնում եմ այդ յաղթանակը, եւ այդ ժամանակը շատ էլ հեռու չէ»,- ըսած է սրբազանը։