image

Շուշիի կերպարուեստի թանգարանը վտանգուած

Շուշիի կերպարուեստի թանգարանը վտանգուած

Շուշիի կերպարուեստի թանգարանի Քանդակներու պուրակի 51 քանդակ Ատրպէյճանը հանած է ու կ'ուզէ ֆութպոլի դաշտի վերածել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ ըսած է Շուշիի քաղաքապետ Արծուիկ Սարգսեանը։

Նշենք, որ Կովկասեան ժառանգութեան պաշտպանութեան (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպութիւնը ահազանգած էր, որ արբանեակային լուսանկարները ցոյց կու տան՝ 10 Ապրիլէն 5 Յունիսը ինկած ժամանակահատուածին Շուշիի կերպարուեստի թանգարանի Քանդակներու պուրակի 51 քանդակ հանուած է, եւ տարածքը ամբողջութեամբ մաքրուած:

«Հնարաւոր չէր, որ իրենք այդ վանդալիզմին չգնային։ Նրանցից ամէն ինչ էլ սպասելի է։ Եթէ մի քանի յուշարձան էլ մնացել են, դա Աստծուց էր։ Ամէն տարի արտասահմանից գալիս, հենց տեղում քանդակներ էին անում ու տեղադրում։ Այդպէս դա դարձել էր քանդակների պուրակ։ Կանաչապատուած էր ու սալիկներով կառուցուած։ Բացի երկնքից նկարածին, կան նաեւ իրենց կողմից արուած տեսանիւթում»,- ըսած է Արծուիկ Սարգսեանը։

Սարգսեանի խօսքով՝ Շուշիի մէջ հայկական բոլոր յուշարձանները Ատրպէյճանը վերացուցած է. «Սկսած Նելսոն Ստեփանեանի, Մուրացանի, Վազգէն Սարգսեանի արձաններից՝ վերացրել են ամէն ինչ»։

NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրէն Լուսինէ Գասպարեանը ըսած է, որ ապացոյցներ ունին, որ Ատրպէյճանն այդ քանդակի պուրակը քանդած է, բայց դեռ պարզ չէ, թէ ինչ ըրած են այդ քանդակները՝ ոչնչացուցա՞ծ են, թէ՞ պահած են. «Բայց ես վերջին յոյսն ունեմ, որ գոնէ այդ քանդակները չեն ջարդել, եւ որեւէ տեղ դրանք կարող են օգտագործուել, դրուել: Այնտեղ ներկայացուած էին ոչ միայն հայերի, այլեւ իտալացիների, ամերիկացիների, ճափոնացիների, չինացիների, ինչպէս նաեւ տարբեր երկրների ժողովուրդներ ներկայացնող քնդակագործների աշխատանքներ»։

Լուսինէ Գասպարեանն ըսած է, որ այդ հարցով կը զբաղուի ԱՀ մշակոյթի նախարարութիւնը, տարբեր կառոյցներու դիմումներ կը ներկայացուին. «Դիմում են տարբեր միջազգային կազմակերպութիւնների, բայց աշխարհը դարձեալ մնում է լուռ, կարծես՝ ոչ մէկին դա չի հետաքրքրում, կոնկրետ քայլեր մինչեւ հիմա չկան ձեռնարկուած»: