Լիբանանում, չնայած տնտեսական ճգնաժամով պայմանավորված դժվարություններին ու բարդ իրավիճակին, տեղի հայ համայնքն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ժողովրդական մեծ երթ է անցկացնելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տեղեկացրել է, որ կազմվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների ծրագիր: Երթը կազմակերպվում է հայկական երեք կուսակցությունների կողմից:
Մեծ ժողովրդական երթն անցկացվելու է ապրիլի 24-ին՝ վաղ առավոտյան: Մեկնարկը տրվելու է Բուրջ Համուդ թաղամասից դեպի Անթիլիաս՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն:
«Այն պահանջատիրական, իրավունքների պաշտպանության երթ է՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթին հաջորդելու է պատարագ կաթողիկոսությունում, որտեղ էլ սպասվում է Արամ Ա Վեհափառի ելույթը: Ասեմ, որ միջոցառում է նախատեսված ապրիլի 23-ին: Անթիլիասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռի մոտ հավաքվելու են համայնքում գործող երիտասարդական ու ուսանողական միությունները: Կլինեն ելույթներ ու գեղարվեստական ծրագիր»,-ասել է Շահան Գանտահարյանը, նշելով, որ ելույթների առանցքում լինելու է նաեւ Արցախը, որը, նրա խոսքերով, անվտանգության լուրջ խնդրի առջեւ է:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ
