«Հայոց պատմութեան» 8-րդ դասարանի դասագիրքի հետ կապուած եղած են որոշ անհանգստութիւններ ու մտահոգութիւններ թեմաներու վերնագիրներէն մէկուն մէջ «բռնակցում» բառը օգտագործելու վերաբերեալ: Այդ մասին լրագրողներու հետ զրոյցին ըսած է Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարզանքի նախարարութեան հանրակրթութեան վարչութեան պետ Թամարա Սարգսեան:
«Ստացել ենք տարբեր անհանգստութիւններ արտայայտող ահազանգեր, որից յետոյ հեղինակային խմբի հետ աշխատանք է իրականցուել, առաջարկուել է վերանայել այդ մօտեցումը, արդիւնքում հեղինակային խումբը վերնագիրը վերանայել է եւ համապատասխանեցրել այն ձեւակերպումներին, որը ունենք «Հայոց պատմութիւն» առարկայի առարկայական ծրագրում: Այս պահին դասագրքի խմբագրուած տարբերակն ուղարկուել է ԴՇՀ (Դասագրքերի եւ Տեղեկատուական Հաղորդակցման Տեխնոլոգիաների Շրջանառու Հիմնադրամ), որից յետոյ փոփոխուած տարբերակը կը տեղադրուի կայքում եւ կ'ուղարկուի տպագրման»,-ըսած է ան:
Հարցին, թէ տեղի ունեցածը վրիպո՞ւմ էր, վարչութեան պետն ըսած է.
«Սա ոչ այդքան վրիպում էր, այդ տեսանկիւնից գուցէ չէին դիտարկել հարցը: Մենք շատ կարեւոր կարգաւորում ունենք, դասագիրքը երաշխաւորելուց յետոյ տեղադրւում է նախարարութեան պաշարների շտեմարանում կամ Դասագրքերի եւ Տեղեկատուական Հաղորդակցման Տեխնոլոգիաների Շրջանառու Հիմնադրամի կայքում, տրուում է 2 շաբաթ ժամանակ, որպէսզի դասագիրքը օգտագործող ուսուցիչները, ծնողները, հասարակութիւնը կարողանան ծանօթանալ դասագրքերի հետ: Սա մեզ հնարաւորութիւն է տալիս լրացուցիչ աչք ունենալ, եւ եթէ կան որոշ վրիպումներ, վերանայել՝ մինչեւ տպագրութեան գնալը»,-ըսած է Սարգսեան:
Վերջինս ընդգծած, որ հիմնական բողոքները կապուած էին վերնագիրի հետ, ոչ թէ բովանդակութեան, քանի որ բովանդակութեան մէջ արտայայտուած են այն իրադարձութիւնները, որոնք յաջորդաբար տեղի ունեցած են 19-րդ դարուն: