TRIPP նախագծում Ռուսաստանի մասնակցության հարցում Ամերիկան իր մասնաբաժնի մասով միգուցե փորձի համաձայնության գալ՝ մեզ հետ քննարկելով, բայց միևնույնն է, ինձ համար դա անհասկանալի է, ես չեմ պատկերացնում դա։ Այս մասին փետրվարի 10-ին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Մոսկվայից հնչող հայտարարությունները։
Փետրվարի 9-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է TRIPP նախագծի հարցով խորհրդակցել հայ գործընկերների հետ։ Մինչ այս, Ռուսաստանի այլ պաշտոնյաներ ևս այս մասին հայտարարություններ են արել, չնայած, որ հայկական կողմն այդ գաղափարն աբսուրդ է համարում՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի։
Հայաստանի ԱԺ նախագահը նշել է, որ TRIPP-ի մեխանիզմը շատ վաղուց եղել է քննարկումների սեղանին, այլ հարց է, որ ԱՄՆ-ի հետ է դա ստացվել։
Մեկնաբանելով Ռուսաստանից հնչող հայտարարությունները՝ Սիմոնյանն ասել է․ «Է՛ անեիք, հարյուր տարի է էստեղ էիք, անեիք»։
Սիմոնյանը չի ցանկանում, որ ռուսական կողմը կենտրոնանա միայն TRIPP-ի վրա, ընդգծելով, որ դա միակ ճանապարհը չէ, որ Հայաստանի միջով անցնում է, անցել է կամ անցնելու է։
«Բազմաթիվ գործող ճանապարհներ կան, որոնցից մեկով այսօր ապրանք է գալիս Հայաստան։ Ցորենը TRIPP-ով չի գալիս չէ Հայաստան։ Հիմա թող այդ ճանապարհներն ու ենթակառուցվածքների մասով առաջարկ անի Ռուսաստանը, Հայաստանը դիտարկի այդ առաջարկը, քննարկի և շահագործի»,- ասելէ ԱԺ նախագահը։