92 տարեկանում մահացել է լոնդոնաբնակ գրող, հրապարակախոս, խմբագիր, Հայ Դատի նվիրյալ Ասատուր Գյուզելյանը:
Նա ծնվել է 1932թվականին՝ Ալեքսանդրետում (Թուրքիա): Ավարտել է Հալեպի Կիլիկյան վարժարանը, ապա դասավանդել նույն վարժարանում: 1957թ. Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հոգաբարձութեան հրավերով մեկնել է Մադրաս եւ դասավանդել տեղի հայկական ճեմարանում: 1964թ. ընտանիքով հաստատվել է Լոնդոնում:
Ապրելով եւ գործելով նշված երկրներում`նա մշտապես քաջատեղյակ է եղել հայկական գաղթօջախների հասարակական, քաղաքական, մշակութային ու ներքին կյանքին: Լոնդոնում հրատարակվող «Արեգակ» եւ «Լոնդոն» հայկական ամսաթերթերի գլխավոր խմբագիրն էր: Ասատուր Կյուզելյանը նաեւ բազմաթիվ գրքերի, հոդվածների, հրապարակումների ու հարցազրույցների հեղինակ է: Նա աչքի էր ընկնում հայրենագիտութեան , հայ ժողովրդի եւ եկեղեցու պատմութեան, ինչպես նաեւ հայ գրականութեան իմացութեամբ եւ ազգանպաստ գործունեութեամբ:
Ա. Գյուզելյանը բարեկամական եւ նամակագրական կապեր է հաստատել Հայաստանի եւ արտասահմանի անվանի հայ գրողների, երաժիշտների, արվեստագետների, գիտնականների, հասարակական եւ քաղաքական գործիչների հետ, որոնց մի մասի հետ նամակները տեղ են գտել նրա գրքերում:
Մտավորականի մասին նկարահանվել է «Ասատուր» վավերագրական ֆիլմը: