Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ խաղաղութեան պայմանագրի երկու կէտ շարունակում է չհամաձայնեցված մնալ: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է «Ազատությունը»։
Փետրվարի 25-ին ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Երևանը ստացել է Խաղաղության պայմանագրի առաջարկների Բաքվի պատասխանը, որը, ըստ վարչապետի, պայմանագրի 12-րդ խմբագրությունն է:
«Այնտեղ Ադրբեջանի արձագանքն է մեր նախորդ առաջարկների վերաբերյալ, որը հիմա մենք վերլուծում ենք՝ պատասխան առաջարկներ ձևակերպելու համար», – նշել է Փաշինյանը:
Վարչապետը հաստատել է, որ չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է օտարերկրյա դիտորդներին։ Հայկական կողմն առաջարկել է դիտորդներին հեռացնել միայն սահմանազատված հատվածներից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհամաձայնության կետերից մյուսը վերաբերում է միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելուն:
Փաշինյանը հերքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահի այն պնդումը, թե չհամաձայնեցված կետերը վերաբերում են Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը և «Զանգեզուրի միջանցքին»:
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանն առաջարկել է վերականգնել երկաթուղային կապը, որը կօգտագործվի թե՛ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ Հայաստանի տարածքով, թե՛ Երասխից Մեղրի՝ Նախիջևանով, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումների համար:
«Հայաստանը երբեք, ոչ մի անգամ, ոչ մի տեղ, ոչ մի փաստաթղթով, ոչ գրավոր, ոչ բանավոր չի պարտավորվել ու չի ընդունել, որ տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կարող է նսեմացվել կամ սահմանափակվել», – ընդգծել է Փաշինյանը:
Նա նշել է նաև, որ Ադրբեջանն արդեն իսկ Իրանի տարածքով կապ ունի իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, և Հայաստանը պատրաստ է նույնպիսի պայմաններ առաջարկել, նույնիսկ որոշակի պարզեցումներով: