Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակէն քայլերթով ռուսական խաղաղապահ զօրակազմի անցակէտ հասած արցախցիներուն հետ զրոյցին, ռուս խաղաղապահները հաւաստիացուցած են, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին պիտի բացուի 26 դեկտեմբերին: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցին ըսած է երթի մասնակից Արթուր Գրիգորեան:
«Հանդիպումն անցաւ հանգիստ, առանց լարուած մթնոլորտի: ատրպէյճանցիների չտեսանք, խաղաղապահներն այնպէս էին փակել ճանապարհը, որ դա անհնարին էր, թէպէտ մենք բախման նպատակով չէինք էլ գնացել: Խաղաղապահները մեզ խոստացան, որ ճանապարհը բաց կը լինի դեկտեմբերի 26-ին: Ըստ նրանց՝ այդ օրը Ռուսաստանում կարեւոր հանդիպում է լինելու, որից շատ բան է կախուած: Եթէ ճանապարհը չբացուեց, մենք պատրաստ կը լինենք շրջափակել օդանաւակայանի կողքին գտնուող իրենց ռազմաբազան»,- նշեց Արթուր Գրիգորեան:
Աւելցնենք, որ խօսքը հաւանաբար 26-27 դեկտեմբերին սպասուող Անկախ Պետութիւններու Համագործակցութեան (ԱՊՀ) ոչ պաշտօնական գագաթնաժողովի մասին է, որուն պիտի մասնակցի նաեւ Հայաստանի վարչապետ՝ Նիկոլ Փաշինեան: