«Հրապարակ» թերթը կը գրէ. «Ընտրութիւններին ընդառաջ, Նիկոլ Փաշինեանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը բռնել քրէական հետապնդումներով, այլեւ՝ սեփական թիմակիցներինը։ Իշխանական աղբիւրների փոխանցմամբ, իրաւապահները նիւթեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամաւոր Հայկ Սարգսեանի դէմ, որին Քաղաքացիական պայմանագրի վարչութիւնը չընդգրկեց նախընտրական ցուցակի թեկնածուների մէջ:
Այդ որոշումը Շիշ բռնողը բողոքարկեց, բայց կրկին մերժուեց, որից յետոյ Սարգսեանը սպառնալից ակնարկներ արեց, թէ անուններ կը տայ՝ ով եւ ինչու է պայքարել իր դէմ։ Երէկ Փաշինեանը, անդրադառնալով նրան, յայտարարեց. «Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակութիւնը հանրային դարձնելուն ուղղուած գործողութիւնները բխում են պարոն Սարգսեանի շահերից։ Այդ պատմութիւնն ընդամէնը մէկ բանի մասին է, որ ՔՊ-ն իր անդամների ոչ կանոնաւոր, կոռուպցիոն տեսանկիւնից խնդրայարոյց գործողութիւնները չի հանդուրժելու»։
Որքան էլ չեն հանրայնացնում, բայց սրանից պարզ հնարաւոր չէր ասել, եւ հեռու չէ այն օրը, երբ նա կը յայտնուի մեղադրեալի աթոռին: Այդ ժամանակ Փաշինեանը կը հիմնաւորի իր զինակցին զոհաբերելու անհրաժեշտութիւնը`փորձելով տպաւորութիւն ստեղծել, թէ չի հանդուրժում կոռուպցիոն երեւոյթները։
Ի դէպ, գրել էինք, որ Յովիկ Աղազարեանին մեղսագրուող կաշառքի գործով շօշափւում է նաեւ Հայկ Սարգսեանի անունը։ Գործով վկաները հեռախօսային զրոյցի ընթացքում նրա մասին են խօսել, ասել, որ նախկինում ոչխարների արտահանման գործն ամբողջութեամբ Հայկի ձեռքին էր»։