image
Հրատապ լուրեր:

Ինչպես պատրաստել առողջարար ճաճիկ՝ հայկական սառնապուր

Ինչպես պատրաստել առողջարար ճաճիկ՝ հայկական սառնապուր

Ճաճիկը (ճաճըխ) արեւելյան խոհանոցի սիրելի ուտեստներից է, որ տարածված է եղել նաեւ արեւմտահայկական խոհանոցում եւ այսօր էլ իր տեղն ունի ավանդական ուտելիքների մեջ:  Խարբերդի, Ակնի, Սվեդիայի, Սեբաստիայի եւ այլ վայրերի հայ կանայք լավ են տիրապետել համեղ եւ առողջարար այս մածնաբրդոշի պատրաստման եղանակին: Ճաճիկը մատուցել են ինչպես ձավարով փլավների հետ, այնպես էլ՝ իբրեւ առանձին ուտեստ: Ամռան շոգին այն զովացնող եւ հագեցնող սառնապուր է: Մեր նախնիները բնականաբար, սառույց չեն ավելացրել ուտեստին, այլ օգտագործել են կավե կժի մեջ մառանում պահված սառը ջուրը:  

Ճաճիկը պատրաստել են մի քանի ձեւով: Այն ունի նաեւ մի քանի տարբեր անուններ՝ ճաճիկ, ջաջըկ,  ժաժեկ, փրթոն եւ այլն: Ներկայացնում ենք ամենատարածված ձեւը:

Մեկ բաժակ մածունը կամ կես բաժակ քամած մածունը թեթեւակի թուլացնել ջրով, ավելացնել մեկուկես պճեղ ծեծած սխտոր, մանր կտրտրած կամ քերած մեկ վարունգ, չոր անանուխ, սառույցի չորս կտոր, մի փոքր աղ: Մատուցելիս մեջտեղում փոս անել եւ փոսի վրա ձիթայուղ կամ հալած յուղ լցնել: Զարդարել թարմ անանուխով եւ լիմոնով: Ուտում են չոր լոշիկով: 

Որոշ վայրերում ճաճիկին նաեւ մանրված ընկույզ են ավելացրել, զարդարել են նռան հատիկներով, իսկ վարունգի փոխարեն լցրել են սպանախի տերեւներ: