Արցախի Հանրապետութեան ԱԳՆ-ն յայտարարութիւն տարածած է Շուշիի հայ բնակչութեան ջարդերու 102-րդ տարելիցի կապակցութեամբ, որ կը ներկայացնում ենք ստորեւ.
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Շուշի քաղաքի հայ բնակչութեան զանգուածային ջարդերի անմեղ զոհերի յիշատակի առջեւ: Ջարդերն իրականացուել են նորաստեղծ Ատրպէյճանական Դեմոկրատական Հանրապետութեան իշխանութիւնների կողմից 102 տարի առաջ` 1920 թ․ մարտի 22-26-ը: Ատրպէյճանի ծաւալապաշտական նկրտումներով դրդուած այդ հրէշաւոր յանցագործութեան զոհը դարձան տասնեակ հազարաւոր մարդիկ, որոնցից շատերը դաժանաբար սպանուեցին, իսկ ողջ մնացածներն արտաքսուեցին իրենց տներից: Արցախի մայրաքաղաքը եւ պատմամշակութային կենտրոնը հանդիսացող Շուշիի մեծ մասն ամբողջովին աւերուեց եւ աւերակների մէջ մնաց մինչեւ 20-րդ դարի կէսերը, երբ հիմնովին քանդուեց ադրբեջանական իշխանութիւնների կողմից:
Շուշիի կոտորածը, որին ակտիւ մասնակցութիւն են ունեցել թուրք սպաներն ու էմիսարները, պանթուրքական գաղափարախօսութեան իրականացման ծիրին մէջ հայերի ցեղասպանութիւնը Արեւելեան Հայաստան տեղափոխելու հերթական փորձն էր:
Իր դաժանութեամբ սահմռկեցնող այս ողբերգութիւնը ցոյց տուեց ատրպէյճանական իշխանութիւնների իրական նպատակները Արցախի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Այն ոչ միայն փոխեց Շուշիի ժողովրդագրութիւնը, այլեւ անջնջելի հետք թողեց քաղաքի մթնոլորտի վրայ եւ կանխորոշեց հետագայ գործընթացները:
Գրեթէ 70 տարի անց ադրբեջանական իշխանութիւնները կրկին դիմեցին իրենց զինանոցի փորձուած գործիքին` անմեղ հայ բնակչութեան կոտորածին եւ տեղահանութեանը` զանգուածային սպանութիւններ եւ ջարդեր կազմակերպելով Սումգայիթում, Պաքւում, Գանձակում (Կիրովաբադ) եւ նախկին Ատրպէյճանական ԽՍՀ այլ բնակավայրերում:
2020 թուականին ողբերգութիւնը նորից կրկնուեց: Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծուած 44-օրեայ յարձակման ընթացքում Ատրպէյճանը բռնագրաւեց Շուշին, ինչը յանգեցրեց քաղաքի հայաթափմանը:
Ինչպէս 1920 թուականին, այնպէս էլ 2020 թ․-ին Ատրպէյճանը ձգտում էր ոչ միայն ոչնչացնել Շուշի քաղաքի եւ ամբողջ Արցախի հայ բնակչութեանը, այլ նաեւ ջնջել նրա պատմութիւնը, մշակոյթն ու ոգին: Իր որդեգրած այդ ռազմավարութեանը Ատրպէյճանը շարունակում է հաւատարիմ մնալ ցայսօր:
Այնուամենայնիւ, անհնար է ոչնչացնել Շուշիի հայկական ոգին, որն անքակտելիօրէն կապուած է Արցախի հետ: Այն վերածնուել է 1992 թուականի մայիսին եւ կը վերածնուի կրկին»: