«Փերսոնա նոն կրատա» (անբաղձալի անձ) յայտարարուած է Հոլանտայի Հայ Դատի գրասենեակի ղեկավար Մասիս Աբրահամեանը եւս։ Անոր մուտքը Հայրենիք արգիլուած է, եւ այժմ պարոն Աբրահամեանը կը գտնուի «Զուարթնոց» օդակայանի թրանզիթային (փոխանցային) բաժինը։ Այս մասին հաղորդած է իրաւապաշտպան Ռուբէն Մելիքեանը:
«Պարոն Աբրահամեանին անձամբ եմ ճանաչում. նա մեծապէս օգնել է Արցախի Մարդու իրաւունքների պաշտպանի հաստատութեանը 2016-2018 թուականներին, երբ այդ կառոյցը ղեկավարում էի ես։
Պարոն Աբրահամեանն ինձ առաջարկել է ստանձնել իր շահերի պաշտպանութիւնը՝ նրա նկատմամբ դրսեւորուած այդ կամայականութիւնը վիճարկելու հարցում, եւ ես ի հարկէ ընդունել եմ այդ առաջարկը»,- գրած է Մելիքեանը: