image

«Հիմա արդէն գործի ժամանակն է». Իշխան Սաղաթէլեան (Տեսանիւթ)

«Հիմա արդէն գործի ժամանակն է». Իշխան Սաղաթէլեան  (Տեսանիւթ)

«Մեր երկիրը հասել է մի այնպիսի նոր հանգրուանի, որ յաջորդ փուլն այսպէս շարունակելու դէպքում Հայաստանի եւ Արցախի համար լինելու է կործանարար: Մենք կանգնած ենք ոչ միայն հայրենիքից նոր զիջումների, այլ, առհասարակ, պետականութեան կորստի իրական վտանգի առջեւ: Սա պարզապէս խօսքեր չեն, սա դառը իրականութիւն է»: Այս մասին ֆէյսպուքեան եթերով ըսաւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցութենէն Իշխան Սաղաթէլեանը` խօսքն ուղղելով հայրենակիցներին եւ  գաղափարակից ընկերներուն:

Անոր խօսքով, բոլոր փաստերը ներկայացուած են, ապացոյցները` բերուած․ ով աչք ունի` տեսած է, ով ականջ ունի` լսած է:

«Հիմա արդէն գործի ժամանակն է: Ես եկել եմ այստեղից յայտարարելու, որ մենք` մեր թիմով, մեր ամբողջ  ռեսուրսով, մեր հազարաւոր հայրենակիցներով եւ աջակիցներով դուրս ենք գալիս փողոցային պայքարի, իջնում ենք փողոց` այս ազգադաւ եւ ազգակործան իշխանութիւններին հեռացնելու նպատակով:

Սա պայքար չէ յանուն իշխանութեան, սա պայքար է յանուն հայկական Արցախի, յանուն պետականութեան, յանուն  հայ տեսակի: Սա մէկ ուժի, մէկ կուսակցութեան, մէկ կազմակերպութեան կամ անհատի պայքար չէ, սա համաժողովրդական պայքար է, որը պէտք է վերածուի համազգային դիմադրութեան: Սա հայոց պետականութեան պահպանման եւ զարգացման համար պայքար է, եւ բոլոր նրանք, ովքեր այսպէս են մտածում, մենք իրենց հետ ենք, իրենք մեզ հետ են: Իրենք մեր զինակիցներն են, իրենք մեր պայքարի ընկերներն են եւ այս դիմադրութեան շարժման առաջամարտիկը:

Սիրելի հայրենակից, դու չես պայքարում մեզանից որեւէ մէկին իշխանութեան բերելու համար, դու պայքարում ես ինքդ քո համար, քո զաւակների համար, քո ծնողների համար, քո քոյրերի եւ եղբայրների համար: Դու պայքարում ես հայ մարդու արժանապատիւ ապագայի համար, մեր բարեկեցիկ, ազատ, անկախ ապրելու իրաւունքի համար: Այդ պայքարը գոյութենական եւ սրբազան պայքար է, հետեւաբար` այլընտրանք չկայ, նահանջ չկայ, այլ ճանապարհ չկայ: Ես եւ իմ ընկերները գնալու ենք մինչեւ վերջ, մենք ունենք ներուժ` դա մեր ժողովուրդն է, մենք ունենք կամք եւ վճռականութիւն», յայտարարեց Իշխան Սաղաթէլեանը:

Ան ներկայացուց իրենց յառաջիկայ ծրագրերը․ «Ապրիլի 23-ին տեղի է ունենալու աւանդական Ջահերով երթ, մեր պահանջատիրութեան, մեր միասնականութեան, մեր պայքարը խորհրդանշելու, մեր ուխտի երթը: Բոլորիդ հրաւիրում ենք Ջահերով երթին: Մենք այդ օրը ամբողջ աշխարհին պէտք է ցոյց տանք եւ ապացուցենք` մենք տէր ենք Արցախին, մենք տէր ենք մեր պետականութեանը եւ տէր ենք հայ ժողովրդի ապագային, որի համար պատրաստ ենք պայքարել, իսկ ապրիլի 25-ից մենք ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, քայլեր եւ գործողութիւններ:

Նախ, Ապրիլի 25-ից սկսած, Հայաստանի մարզերից` չորս խորհրդանշական վայրերից, քայլերթով կը շարժուեն դէպի մայրաքաղաք Երեւան: Այդ ընթացքում` Ապրիլի 25-ից սկսած, իւրաքանչիւր օր Երեւանում տեղի կ'ունենան տարբեր ակցիաներ, քայլեր, գործողութիւններ եւ երթեր: Մենք մեր ամբողջ ծրագրի մասին իւրաքանչիւր օր ամէնժամեայ ռեժիմով  ձեզ կը տեղեկացնենք:

Սա սրբազան պայքար է, սա պայքար է յանուն Արցախի եւ Հայաստանի, հետեւաբար` նահանջի տեղ չունենք, այլընտրանք չունենք, գնում ենք մինչեւ վերջ եւ յաղթանակում:

Հէնց հիմա այս խորհրդանշական վայրից յայտարարում եմ` Սկսում Ենք»: