«Արեւելք»-ի տեղեկություններով, պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին կենսագրական ֆիլմ է նկարահանվելու, որը դառնալու է Թուրքիայի եւ Հայաստանի համատեղ արտադրության առաջին ֆիլմը: Ֆիլմը ֆինանսավորելու է Թուրքիայի մշակույթի նախարարության կինոյի հիմնադրամը, դեռեւս չնկարահանված ֆիլմը ստացել է նաեւ նախնական գնման ֆինանսավորման մրցանակ՝ Թուրքիայի հանրային հեռարձակող TRT-ի 12 Punto սցենարի մշակման հարթակից։
Ֆիլմ նկարահանելու համաձայնագիրը ստորագրվել է երեկ՝ Կաննի «Marché du Film» կինոփառատոնում, թուրքական կողմից այն ստորագրել է «Kara Kedi Film» ընկերության ներկայացուցիչ Էլա Ալյամաչը, հայկական կողմից՝ «Anso Films» ընկերության ներկայացուցիչ Անի Գալստյանը։
Դերասանական կազմը եւ նկարահանումների մեկնարկի մասին տեղեկատվությունը դեռեւս չեն հրապարակվում։