ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտը հայտարարություն է արել՝ Հիսուս Քրիստոսի արձանը Հատիս լեռան վրա տեղադրելու շինարարության մեկնարկի առթիվ.
Հաշվի առնելով Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մեծ արձանի շինարարության մեկնարկի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվությունը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը հայտնում է հետեւյալը.
1. Հատիս հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակարդակից 2529մ է, Հայաստանի տարածքի չորրորդական հասակի 14 ռիոլիտային գմբեթաձեւ հրաբուխներից մեկն է։ Հրաբխային ակտիվության առաջին փուլում ժայթքել է ռիոլիտային կազմի պիրոկլաստիկ նյութ, որին հետեւել են օբսիդիանների եւ դացիտային լավային հոսքեր։ Լավաների վերջին մածուցիկ զանգվածները խցանել են հրաբխի խառնարանը եւ առաջացրել գմբեթաձեւ կառույց կամ հրաբխային նեկկ։ Տարբեր աշխատություններում առկա են Հատիսի հրաբխային գործունեության հասակագրումներ, որոնք 0,38-0,66 մլն տարի միջակայքում են եւ համապատասխանում են միջին պլեյստոցենին։ Միջին պլեյստոցենի վերջում, ուշ պլեյստոցենի սկզբում Հատիսի լանջերին առաջացել ավելի փոքր հրաբուխներ եւ ճեղքեր, որոնցից արտավիժել են բազալտային անդեզիտային կազմի լավային հոսքեր։ Հատիս հրաբխի լանջերին առկա են հրաբխային ապակու (օբսիդիանի կամ վամակատի) բազմաթիվ ելքեր եւ լավային հոսքեր։
ՀՀ տարածքում առկա են շուրջ 550 չորրորդական հասակի հրաբուխներ, որոնցից 14-ը ռիոլիտային կազմի գմբեթաձեւ հրաբուխներ են եւ որոնց կառուցվածքում առկա են օբսիդիանից կազմված լավային հոսքեր։ Կից նկարներում ներկայացված են Հատիս հրաբուխը՝ նկարված հարավից, օբսիդիանների մերկացումները լեռան լանջերին եւ ՀՀ ԳԱԱ Հրաբխագիտության լաբորատորիայի կողմից կազմված Հատիս ու Գութանսար հրաբուխների երկրաբանական քարտեզը (պայմանական նշանները բերված չեն)։
2. Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2008 թվականի 14 օգոստոսի N 967-Ն որոշմամբ Հատիս լեռը ճանաչվել է երկրաբանական հուշարձան «Հատիս հրաբուխ» անվանումով, որի տարածքում շինարարական եւ հողային աշխատանքներն օրենքով արգելված են։ ՀՀ օրենսդրությամբ ցանկացած շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են թույտվություն, մանրակրկիտ ինժեներա-երկրաբանական հետազոտություններ, սեյսմիկ միկրոշրջանացում, խոշոր եւ կարեւոր կառույցների դեպքում՝ նաեւ հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում։
Հաշվի առնելով, որ սույն թվականի հուլիսի 9-ին տրվել է շինարարական աշխատանքների հանդիսավոր մեկնարկը եւ մամուլի կողմից տարածված լուսնկարներում եւ տեսանյութերում բնական հուշարձան հանդիսացող Հատիս լեռան գագաթին արդեն իսկ իրականացվել են հողային աշխատանքներ եւ ճանապարհաշինարարություն, ինչպես նաեւ հարցի հասարակական լայն հնչեղությունը, անհրաժեշտ ենք համարում, որ վերոնշյալ հետազոտությունների արդյունքները եւ շինարարության թույլտվությունը հրապարակվեն եւ դառնան հասանելի անկախ փորձաքննության համար։
Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
