ԱՀ պետական նախարար Արտակ Բեկլարեան ֆէյսպուքեան էջով գրած է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնեմ, որ ԱՀ կառավարութեան որոշման նախագիծ է մշակւում՝ Դեկտեմբերի 24-ից երկարաձգելու գործող քարանթինը, սակայն որոշ էական պայմանների մեղմացմամբ՝ հաշուի առնելով կորոնավիրուսի տարածման դէպքերի նշանակալի նուազումը եւ սահմանափակումների բացասական ազդեցութիւնը հասարակութեան կենսագործունէութեան տարբեր ոլորտների վրայ:
Մասնաւորապէս, նախատեսւում է վերացնել հաւաքների ու միջոցառումների համար գործող քանակական սահմանափակումը, ուսումնական հաստատութիւններում դասերը կ'անցկացուեն սովորական ռեժիմով ու լրիւ կազմով: Բացի դրանից, քննարկւում են տարբերակներ չպատուաստուածների համար կիրառուող թեսթաւորման պահանջում պարբերականութեան ու թեսլի գնի իջեցում իրականացնելու վերաբերեալ: Երբ վերջնական որոշումը հաստատուի յառաջիկայ օրերին, նոր պայմանները կը հրապարակուեն:
Ամէն դէպքում, ուժի մէջ են մնում անհատական պաշտպանութեան միջոցների կիրառման պահանջը եւ պատուաստման յորդորը: Ես ինքս բաւարարուած չեմ այդ երկուսի իրականացման մակարդակով, եւ խստիւ յորդորում եմ մեր քաղաքացիներին ուշադիր լինել սեփական ու շրջապատի մարդկանց առողջութեան ու կեանքի հանդէպ՝ պահպանելով անվտանգութեան կանոնները եւ պատուաստուելով: Խնդրում եմ նաեւ հանրային բարձր անհանդուրժողականութիւն ցուցաբերել Ձեր շրջապատում անվտանգութեան կանոնների չպահպանման դէպքերի հանդէպ, քանի որ դրանց հետեւանքը կարող է մարդկային կեանք արժենալ, այդ թւում՝ Ձերը կամ Ձեր հարազատինը:
Ցաւակցութիւններս այս ընթացքում կորուստներ ունեցած ընտանիքներին»: