Լույս է տեսել Գրիշա Սմբատյանի հեղինակած «Ստեմել (Ստեփան Մելիք-Փարսադանյան). կյանքը, գործը ժամանակը» գիրքը (խմբագիր՝ Մհեր Քումունց)։ Գրքում ներկայացված է Սյունիքի իշխանական նշանավոր տոհմի զավակ, բժիշկ, լրագրող, հասարակական գործիչ Ստեփան Մելիք-Փարսադանյանի (Ստեմել) կյանքն ու գործունեությունը։
XX դարի սկզբի հայ հասարակական և քաղաքական իրականությունը արծարծվել է նաև Սփյուռքի մամուլում հրապարակված տասնյակ հոդվածներում և հուշագրություններում։ Դրանք բովանդակում են Հայաստանի առաջին Հանրապետության շրջանի և դրան հաջորդած դրամատիկ ժամանակների սակավ լուսաբանված դրվագները։ Գիրքը նախատեսված է պատմաբանների և ընդհանրապես XX դարի առաջին կեսի հայոց պատմությամբ հետաքրքրվողների համար:
Սյունիքի հարազատ զավակ Ստեմելը՝ Ստեփան Մելիք-Փարսադանյանը, ցավոք անծանոթ է մեր հանրությանը: Թեև հազվադեպ, սակայն տասնամյակներ շարունակ հնչել է նրա անունը․ այդուհանդերձ չի ճանաչվել ՍՏԵՄԵԼ մտավորականը, գրողը, լրագրողը, քաղաքական գործիչը, բժիշկը, մարտիկը, աքսորականը, վտարանդին ու անկոտրում մարդը: Պատանեկան տարիքից լինելով ՀՅԴ համակիր, հետագայում՝ կուսակցական գործիչ՝ նա ժամանակակիցն ու ականատեսն էր Սյունիքում տեղի ունեցող մի շարք իրադարձությունների: Նրա հրապարակումներում երկրամասի անցյալն է, նրա մարդիկ, պատմության թատերաբեմում վճռական դերակատարություն ունեցած ծանոթ ու անծանոթ գործիչներ, որոնց մի զգալի մասը հետագայում քաղաքական բռնաճնշումների ենթարկվեց, ինչպես ինքը:
Գրքի խմբագրի՝ Մհեր Քումունցի գրությունը
Հայաստանի Ազգային արխիվում Ստեմելի «Գործ» չկա։ Նրան տեսնում ենք «խմբակային» գործերում: Ստեմելի մասին տեղեկություններ հավաքելու համար օգնության է հասնում նաև ժամանակաշրջանի մամուլը, որի էջերում հայտնաբերել ենք նրա հրապարակումները, որոնք առնչվում են Սյունիքի և Արցախի՝ տարբեր ժամանակների պատմությանը, անցուդարձին, ազատագրական պայքարին: Հայտնաբերել ենք նաև վավերագրեր, վկայություններ, լուսանկարներ, աշխատել ենք ներկայացնել նրա ծննդավայրը, տոհմը, անվանի տոհմակիցներին: Ստեմելի հրապարակումներում բազմաթիվ ծանոթ և անծանոթ անուններ կան, որոնց մասին, հնարավորության սահմաններում, ներկայացրել ենք ծանոթագրություններում և տվել պարզաբանումներ։ Հաճախ խորամուխ ենք եղել նրա հիշատակած իրադարձությունների էության մեջ, առաջին անգամ դրանց վերաբերյալ հրապարակել վկայություններ ու վավերագրեր: Այս ամենով հանդերձ, սակայն, կան ու կլինեն մեզ համար անհայտ, անհասանելի էջեր, նյութեր, վավերագրեր։
Սյունիքի նորագույն պատմության թանկագին աղբյուր է ՍՏԵՄԵԼԸ:

Մհեր Քումունց