Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի թեմային՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ռազմավարական մոտեցումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները Հայաստանի իշխանությունների և միջազգային հանրության աջակցությամբ պետք է հաստատվեն հենց Հայաստանի Հանրապետությունում։
«Մենք արդեն նրանց բնակապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, բայց համոզված եմ՝ ավելի արդյունավետ կաշխատի։ Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան մենք պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ»,- ընդգծեց նա։
Փաշինյանն անդրադարձավ նաև հարցին, թե որքանով է իրատեսական ԼՂ հայերի վերադարձը։
«Ես ուղիղ ասում եմ, որ դա իրատեսական չեմ համարում։ Ավելին, կարևորում եմ մարդկանց ազնվորեն այդ մասին ասելը, որպեսզի նրանք իրենց հեռանկարները և պլանները կառուցեն։ Փախստականների վերադարձի թեման այս համատեքստում վտանգավոր եմ համարում խաղաղության գործընթացի համար»,- ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ նման հարցերի շուրջ առաջացած հակասությունները նախկինում վերածվել են երկարատև հակամարտության։
«Հակամարտությունները, այդ թվում՝ Ղարաբաղի հակամարտությունը, սկսվել են, թվում է, հումանիտար պարզ հարցերից և վերաճել են լայնածավալ բախումների»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը և Ադրբեջանն արդեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։«Մենք պետք է կենտրոնանանք այս բանաձևի վրա և այն կյանքի կոչելու ուղղությամբ աշխատենք։ Եթե շատ ուղիղ ասեմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար առաջիկա տասնամյակներում և կենտրոնանան տնտեսական համագործակցություն ու քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։
Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն Հայաստանում։ Սա է մեր ռազմավարությունը»,- ընդգծեց Փաշինյանը։