Այսօր մեր կարգավիճակին մէջ ոչ մէկ բան փոխուած է, բայց 3 ամիսէ աւելի պետութեան կողմէ որեւէ աջակցութիւն չենք ստանար: Այս մասին այսօր կառավարութեան դիմաց Արցախի գրաւեալ տարածքներէն բռնի տեղահանուած բնակիչներու բողոքի շարժման ժամանակ նշեց Հատրութի բնակիչ Արթուր Ստեփանեանը:
«Մօտ մէկ ամիս առաջ խօսք են տուել, որ լինելու է 25 եւ 50-հազարական դրամների աջակցութիւն ու 2 օրը մէկ սոցապ փոխնախարարների մակարդակով, այսինքն Դաւիթ Խաչատրեանն է ելոյթ ունենում տարբեր լրատուամիջոցներով, ասում՝ որոշումը կայ, բայց չգիտես ինչու ծրագիրը չի գործում, որ գոնէ բնակարանների վարձը տանք: Մի մասին արդէն հիւրատներից հանում են ստիպողաբար: Բայց մենք ինչպէս մէկ տարի առաջ տուն-տեղ կորցրած մարդիկ ենք եղել, այդպէս էլ մնացել ենք տուն-տեղ կորցրած: Չգիտենք, թէ ինչու են մեր հանդէպ այդպէս վարւում:
Ձմեռ է գալիս, մարդկանց հանում են հիւրատներից, ծանր կացութեան մէջ ենք յայտնուել: Մենք փախստականի կարգավիճակ ենք պահանջում», ըսաւ ան:
Արթուր Ստեփանեանը տեղեկացուց, որ արդէն 2 ամիս է դիմած են վարչապետին, բայց որեւէ պատասխան չեն ստացած. «Մենք այստեղից գնալու ենք ՄԱԿ-ի գրասենեակ, որ ցոյց տանք, որ ՀՀ-ում փախստականներ կան, որը մեր իշխանութիւնները թաքցնում են: Դրանից յետոյ էլ գնալու ենք Ֆրանսայի դեսպանութիւն: Նամակ ենք պատրաստել Ֆրանսիայի նախագահին որով հումանիտար ապաստան ենք խնդրում», ընդգծեց Հատրութի բնակիչը: