Երեւանում մահացած հալեպահայ 95-ամյա մամիկի հիշատակին

Երեւանում մահացած հալեպահայ 95-ամյա մամիկի հիշատակին

95 տարեկանում հայրենիքում մահացել է հալեպահայ Սիրածին Բասմաջյանը (ծնված՝ Ավագյան), որ Հայաստան էր փոխադրվել 2016 թվականին՝ երկու դստրերի եւ որդու ընտանիքի հետ: Սիրածին Բասմաջյանի երազն է եղել ապրել հայրենիքում. դեռեւս 1940-ականների ներգաղթի ժամանակ (երբ դեռ ամուսնացած չէր), հայրն ընտանիքով հերթագրվել էր՝ Հայաստան ներգաղթելու համար, նույնիսկ տունն են վաճառել եւ սպասել, սակայն ինչ-ինչ հարցերի պատճառով մերժում են ստացել: Դրանից հետո Սիրիայում միշտ ապրել է հայրենիքի կարոտը սրտում, ամուսնացել՝ միշտ երազելով, որ մի օր ոտք կդնի հայրենիք: 2016-ին, չնայած արդեն վերջացել էր Սիրիայի պատերազմը, բայց քանի որ արդեն պատրաստվել, տրամադրվել էին՝ Լիբանանի ճանապարհով Հայաստան են եկել, ստացել քաղաքացիություն, նույնիսկ թոշակ էր ստանում, միշտ շնորհակալ էր այն մարդկանց, որոնք հարցնում էին իրեն, օգնում...   

Սիրածին մայրիկը Հալեպում ձեռագործությամբ է զբաղվել, ասեղնագործ, հելունագործ իրերը վաճառել է, օգնել ամուսնուն, միասին տուն են գնել, հայկական ավանդական ընտանիք կազմել, ունեցել չորս երեխա, աղջիկները նույնպես սովորել են ձեռագործություն, եւ այսօր Հայաստանում դստրերից Զեփյուռն է զբաղվում այդ գործով՝ ստեղծելով անկրկնելի ասեղնագործ եւ հելունագործ աշխատանքներ: 

Սիրածին Բասմաջյանն ասում էր, որ չնայած դժվար օրեր են ունեցել Երեւանում, սակայն հայրենիքում իրեն լավ է զգում, միայն շատ ծանր էր տանում Արցախի պատերազմների լուրերը: Նա այդ օրերին հիշում էր թե՛ Սիրիայի պատերազմը, թե՛ իր մոր պատմությունները, որի ծնողներին սպանել են Եղեռնի ժամանակ. մայրը որբանոցում է մեծացել եւ միշտ պատմել իր մանկության տխուր պատմությունները: Սիրածինի մայրն է որբանոցում սովորել ասեղնագործությունն ու աղջկան նույնպես սովորեցրել: 

Սիրածին Բասմաջյանը նաեւ գիտեր իր անվան պատմությունը, որի մեջ նույնպես հայ ժողովրդի ճակատագրից մի մաս կա. իրեն կոչել են իր հորաքույրներից մեկի անունով, որոնք բոլորը նմանատիպ անուններ են ունեցել, քանի որ ծնվել են գաղթի ճանապարհն անցնելուց հետո՝ Վշտածին, Բերկրածին, Լուսածին, Սիրածին…

Հայկական ոգին պահպանելով՝ տիկին Սիրածինն ամուսնանալուց հետո հայկականացրել է իր սկեսուրի անունը (Սուլթան) եւ իր դստրերից մեկին կոչել Թագուհի: 

Սիրածին մայրիկն ուներ լավ հիշողություն, երգում էր, խոսում մի քանի լեզվով. նա նաեւ լավ գիտեր իր ամուսնու ընտանիքի՝ Տիգրանակերտից բերված ավանդույթները, պատմում էր Տիգրանակերտի Լճե գյուղի մասին, որտեղ Բասմաջյանները մի ամբողջ թաղ են ունեցել՝ ջրաղացով, գյուղական այլ հարստություններով: Նա սիրում եւ պահպանում էր այն, ինչ հայկական ու ավանդական էր, սնվում էր արեւմտահայկական տնական ճաշերով, դեղ չէր սիրում եւ մինչեւ վերջ շրջապատված  էր երեխաների եւ թոռների հոգատարությամբ: 

Սիրածին Բասմաջյանի հուղարկավորության արարողությունը կատարվելու է երկուշաբթի՝ փետրվարի 5-ին, ժամը 15:00-ին՝ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Հարազատները ցավակցություններ են ընդունելու թաղման արարողությունից հետո՝ «Մարիլտա»-ում (Պուշկինի 43/1):