image

Եկեր ենք միանանք Սրբազան հօր․ Դադիվանքի նախկին վանահայրը միացած է քայլերթին

Եկեր ենք միանանք Սրբազան հօր․ Դադիվանքի նախկին վանահայրը միացած է քայլերթին

«Պարզ չէ՞, որ եկել ենք միանանք Սրբազան հօրը», այս մասին լրագրողներու հետ զրոյցին ըսած է Բագրատ Սրբազանի առաջնորդութեամբ դէպի Երեւան շարժող քայլերթին միացած Դադիվանքի նախկին վանահայր Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանը։

Հարցին՝ ի՞նչ պիտի ըլլայ շարժման վերջնական նպատակը, Տէր Յովհաննէսն ըսած է․ «Արդարութիւնը եւ յաղթանակը։ Մինչեւ հիմա ես արդարութիւն չեմ տեսել, արդարութիւն եւ յաղթանակ նաեւ Արցախի համար»։

Դիտարկման՝ արդարութիւն ըսելով նկատի ունի ներկայ իշխանութեան հեռացո՞ւմը, Տէր Յովհաննէսն ըսած է․ «Ես իշխանութիւնից չեմ խօսում, ես խօսում եմ արդարութիւնից, որ մեր ազգը ապրի արդար։ Ես չէի ասի, թէ առաջին անգամ է եկեղեցին առաջնորդում ժողովրդին, եկեղեցին միշտ եղել է ժողովրդի հետ ու եկեղեցականները միշտ եղել են իրենց հոգեւոր հօտի հետ»։

Տէր Յովհաննէսն առաջարկած է չխօսիլ քաղաքական հարցերու մասին։

«Մեր նպատակը արդարութեան հաստատումն է, ժողովուրդը պէտք է որոշի, թէ ինչպէս դա կը լինի»,- նշած է ան։

Լրագրողի հարցին՝ իր կարծիքով ի՞նչ ճակատագրի կ՚արժանանայ Դադիվանքը խաղաղապահներու հեռանալէն ետք, Տէր Յովհաննէսն ըսած է․ «Դուք թուրք ազերիներին չէք ճանաչում, իսկ ես գիտեմ նրանց ձեռագիրը, նրանք մեզ խաղաղութիւն պարգեւող չեն, իրենք կը քանդեն ամէն ինչ, իսկ ռուս խաղաղապահները չլքեցին Դադիվանքը, այդ մենք ասացինք, որ Արցախը Ադրբեջան է ու իրենք գործ չունէին այնտեղ անելու։

Ես չեմ ընդունում այս իշխանութեանը, չեմ ընդունում այն լեզուն, որ ասում է՝ Արցախը Ադրբեջան է, այդ լեզուն պիտի կտրես ու պիտի կտրես այն ձեռքը, որ դա ստորագրել է»։

Դիտարկման՝ կա՞ր արդեօք հանրաւորութիւն, որ Արցախի նախկին նախագահները ու բարձրաստիճան պաշտօնեաները չյատնուէին բանտի մէջ, Տէր Յովհաննէսն ըսած է․ «Հնարաւորութիւն կար նաեւ, որ պատերազմէինք ու յաղթէինք, բայց չարեցինք»։