image

«Դեռ մեծ հարց է, թէ ով ում է աւելի շատ բան տուել՝ Հայաստանը Ղարաբաղին, թէ՞ Ղարաբաղը Հայաստանին». Լեւոն Տէր-Պետրոսեան

«Դեռ մեծ հարց է, թէ ով ում է աւելի շատ բան տուել՝ Հայաստանը Ղարաբաղին, թէ՞ Ղարաբաղը Հայաստանին». Լեւոն Տէր-Պետրոսեան

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեան իր դիմատետրեան էջին հրապարակած է իր 2017 թուականի յօդուածէն հատուած մը:

«Յանուն Ղարաբաղի ազատագրման հայաստանցիների կրած զրկանքներն ամենեւին հիմք չեն ղարաբաղցիներին կշտամբելու եւ երախտամոռութեան, անբանութեան կամ մակաբուծութեան մէջ նրանց մեղադրելու համար։ Դեռ մեծ հարց է, թէ ով ում է աւելի շատ բան տուել՝ Հայաստանը Ղարաբաղին, թէ՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաեւ Հայաստանում ապաստանած մէկ-երկու տասնեակ ղարաբաղցի պաշտօնեաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձեւաւորուած խիստ բացասական վերաբերմունքը։ Վերջիններիս բարքերից ու ապօրինութիւններից հաւասարապէս տուժել եւ տուժում են ոչ միայն հայաստանցիները, այլեւ իրենք՝ ղարաբաղցիները։

Հայաստանն ու Ղարաբաղը մեր ընդհանուր հայրենիքն են, որի քաղաքացիները հաւասարապէս կիսում են թէ՛ յաղթանակները, թէ՛ պարտութիւնները, եւ թէ՛ զրկանքներն ու տառապանքները։ Դրանով հանդերձ, չպէտք է մոռանալ, որ ղարաբաղցիներն ապրում են հայ-ադրբեջանական առճակատման առաջնագծում, սահմանային ընդհարումների ու գնդակոծութիւնների մշտական սպառնալիքի տակ, եւ այդ պատճառով աւելի սուր են ընկալում իրողութիւնները, ինչը հայաստանցիներից բացառիկ նրբանկատութիւն է պահանջում»,- նշուած է հրապարակման մէջ: