image

Դատախազութիւնը մտադիր է բռնագանձել Քոչարեանի գոյքը

Դատախազութիւնը մտադիր է բռնագանձել Քոչարեանի գոյքը

Գլխաւոր դատախազութիւնը 14 յուլիսին յայտնած է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի եւ անոր փոխկապակցուած եօթ անձի գոյքերու նկատմամբ, Դատախազութեան դիմումի հիման վրայ, կիրառուած է հայցի նախնական ապահովման միջոց:

Հաղորդագրութեան մէջ ըսուած է.

«Գլխաւոր դատախազութեան ապօրինի ծագում ունեցող գոյքի բռնագանձման գործերով վարչութեան դիմումի հիման վրայ՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թուականի յուլիսի 13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառուել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի եւ նրան փոխկապակցուած եօթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զաւակներ, նրանց ամուսիններ) գոյքերի նկատմամբ:

Ուսումնասիրութեան նախնական արդիւնքներով ապօրինի են դիտուել եւ ենթակայ են բռնագանձման՝

•    20 միաւոր անշարժ գոյք՝ առաւելապէս Երեւան քաղաքի Կեդրոն վարչական շրջանում գտնուող շէնքերում.

•    2 տրանսպորտային միջոց.

•    Մասնակցութիւն՝ հայաստանեան եւ արտասահմանեան 18 իրաւաբանական անձերում.

•    Աւելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի աւանդներ եւ արժեթղթեր.

•    Շուրջ 10 միլիառ դրամի ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց տրամադրուած փոխառութիւններ.

•    Շուրջ 22 միլիառ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցուած միջոցների եւ այլ ծախսուած միջոցների հանրագումար, որը չի նոյնականացուել»: