Պաշտօնական Պաքուն Երեւանէն օրեր առաջ պահանջած է անյապաղ իրեն վերադարձնել Տաւուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագիծին գտնուող չորս գիւղերը։ Խօսքը Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի գիւղերու մասին է։
13 Մարտի իր ասուլիսին Վարչապետ Նիկոլ Փաշինեան, անդրադառնալով Ատրպէյճանի փոխվարչապետի գրասենեակի այս յայտարարութեան, ըսած է, որ «ոչ մի քննարկման ժամանակ խօսք չի եղել եւ չի կարող լինել Տաւուշի մարզի որեւէ գիւղ յանձնելու մասին», միաժամանակ ընդգծելով, որ ատրպէյճանական մամուլին մէջ բարձրաձայնուած գիւղերու անունները ՀՀ տարածքին մէջ երբեք չեն եղած:
Tert.am-ի հետ զրոյցին Բաղանիսի վարչական ղեկավար Գէորգ Սահակեանը նշած է, որ անկախ ամէն ինչէ, համայնքի բնակիչները պատրաստ են մնալու իրենց տեղերը եւ կռուելու մինչեւ վերջ։
«Ես 44-օրեայ պատերազմի ժամանակ 37 օր կամաւոր ծառայել եմ Արցախում, սրանից դուք հետեւութիւն արէք, թէ ես ինչ կարծիք ունեմ այս ամէնի վերաբերեալ»,-ըսած է ան։
Հարցին, թէ ինչ մտահոգութիւններ ու հարցեր ունին Նիկոլ Փաշինեանին, որ յառաջիկային, ինչպէս ինք յայտարարած է, կը պատրաստուի այցելելու Տաւուշ եւ հասկնալու իրավիճակը, Սահակեանը նշած է․
«Մեզ յուզող շատ հարցեր ունենք Փաշինեանին, կը փորձենք իր կարծիքն իմանալ, մենք էլ մեր կարծիքը կ՚ասենք։ Դուք պատկերացնում էք չէ՞ քարտէզի վրայ որտեղ է գտնւում Բաղանիս –Այրումը։ Բաղանիս գիւղին կից է գտնւում Բաղանիս –Այրումը, որտեղ խորհրդային ժամանակներում ադրբեջանցիները քոչուորի պէս եկել են, անասնապահութեամբ զբաղուել ու քիչ-քիչ բուն դրել, շատացել։ Մեր գիւղը պատրաստ է մինչեւ վերջ պայքարել ու նոյնը նաեւ կողքի գիւղերը։ Բնակիչները մտածում են, որ այստեղ յանձնելու մի թիզ հող անգամ չկայ, գուցէ լինեն բնակիչների մէջ հակառակը մտածողներ, բայց ես չեմ ուզում նրանց ճանաչել։ Մի տեսակ ես չեմ էլ ուզում հաւատալ, որ այստեղ խնդիր է լինելու»։
Ճշդող հարցին՝ չի հաւատար, որ 4 գիւղերը կը յանձնուի՞ն, համայնքապետն ըսած է․ «Այո, ի հարկէ։ Ադրբեջանն այնքան բան է ուզում, հո իր ուզելով չի՞, մենք էլ ենք ուզում, ես էլ Ղազախի շրջանն եմ ուզում, ու հաւատացէք մերն է լինելու»։