image
Հրատապ լուրեր:

Այսօր եկեղեցին ու ժողովուրդը տոնում են Համբարձումը

Այսօր եկեղեցին ու ժողովուրդը տոնում են Համբարձումը

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով այսօր Քրիստոսի Համբարձան տոնն է, որն ավանդաբար նշվում է Սուրբ Հարության 40-րդ օրը, հինգշաբթի։

Հարություն առնելուց հետո Հիսուսը 40 օր երեւում էր իր աշակերտներին, նրանց հետ խոսում Աստծո արքայության մասին: Քառասուներորդ օրը Քրիստոս նրանց հետ Ձիթենյաց լեռը բարձրացավ, վերջին պատգամները տվեց նրանց, ապա ձեռքերը դեպի երկինք տարածեց, օրհնեց նրանց եւ լեռան գագաթից սկսեց համբառնալ երկինք: Այնուհետեւ լուսավոր մի ամպ իջավ եւ ծածկեց նրան առաքյալների տեսողությունից: Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչեւ հունիսի սկիզբը): Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին (արտահայտել է մեռնող եւ հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները)։

Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ եւ Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

 Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնի օրը հիշատակում է նաեւ 1441 թվականին Հայոց Կաթողիկոսական Աթոռը Սսից տեղափոխելու եւ Ս. Էջմիածնում վերահաստատելու պատմական դեպքը։