image

«Ատրպէյճանը ցանկանում է սահմանազատման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանին». Փաշինեան

«Ատրպէյճանը ցանկանում է սահմանազատման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանին». Փաշինեան

Լեռնային Ղարաբաղ ուղարկուող մարդասիրական օգնութիւնը դեռ Կոռնիձորի մէջ է՝ Լաչինի միջանցքի մուտքի մօտ։ Այդ մասին կառավարութեան 3 օգոստոսի նիստի մեկնարկին յայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցութեան ՀՀ կառավարական աշխատանքային խմբի որոշմամբ նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղ ուղարկուած 360 տոննա հումանիտար օգնութիւնը շարունակում է գտնուել Կոռնիձորում՝ Լաչինի միջանցքի մուտքի մօտ, որովհետեւ Ադրբեջանը՝ կոպտօրէն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը, ապօրինաբար արգելափակում է այդ հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ»,-ըսած է ան։

Փաշինեան յիշեցուցած է՝ Ատրպէյճանը շարունակաբար կը պնդէ, թէ Լաչինի միջանցքի փակման պատճառներէն մէկը 15 յունիսին «հայկական կողմի ռազմական սադրանքն է»։ Ատրպէյճան այդ օրը փորձած էր դրօշ տեղադրել ՀՀ տարածքին մէջ, բայց հայկական կողմը թոյլ չէր տուած։

«Հէնց Ադրբեջանի վերը նշուած գործողութիւնն է սադրանքը, առաւելեւս այն պայմաններում, երբ երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները դեռ մեկնարկի փուլում են։ Տարբեր տեղերում ինքնակամ եւ յաճախ ուժի գործադրմամբ դրօշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման, եւ ընդհանրապէս խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողութեան է նման։ Նախորդ օրը սա երեւաց Ադրբեջանի նախագահի՝ Եւրոնիւզին տուած հարցազրոյցում։ Յայտարարելով, թէ իբր Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի, Ադրբեջանի նախագահն ասում է, թէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները որոշուած չեն»,- ըսած է ան։

Վարչապետի խօսքով՝ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ սահմանները որոշուած են 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրով եւ այդ վերահաստատուած է 2022-ի հոկտեմբեր 6-ին Փրակայի մէջ՝ քառակողմ հանդիպման արդիւնքներով։

«Տպաւորութիւն է ստեղծւում, թէ Ադրբեջանի պլանը հետեւեալն է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրուած սահմանը վիճարկելու տեղ թողնող դրոյթներով խաղաղութեան պայմանագիր ստորագրել եւ հետագայում արդէն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանին»,- նշած է ան։

Նիկոլ Փաշինեան հերթական անգամ ընդգծած է Հայաստանի հաւատարմութիւնը իրար տարածքային ամբողջականութեան ճանաչման հիման վրայ խաղաղութիւն հաստատելու պայմանաւորուածութեան․ «Սպասում ենք Ադրբեջանի կողմի այդ պայմանաւորուածութեան հրապարակային վերահաստատմանը»։