Պաշտօնական Պաքուն կրկին դիմած է իր սիրած ռազմավարութեան` մէկ գործողութեամբ մի քանի նպատակի հասնելուն: Այս մասին յայտնած է Արցախի արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեանը` մեկնաբանելով Ատրպէյճանի մէջ տարածուող վարկածը Քարագլխի բարձունքին «ատրպէյճանցի զինուորներու» գերեզմանոցի յայտնաբերման մասին:
«Վերջին օրերին տարբեր Զլմ-ներում աշխուժօրէն ինչ-որ կեղծ լուսանկարներ են շրջանառւում, որոնցում իբրեւ թէ պատկերուած են կա՛մ Արցախեան առաջին պատերազմում զոհուած ատրպէյճանցի զինուորների, կա՛մ այսպէս կոչուած` «Խոճալուի ցեղասպանութեան զոհերիէ գերեզմանոցները: Իբրեւ թէ այդ մնացորդները պատկանում են մարդկանց, որոնք զոհուել են «հայ աւազակների» ձեռքով առաջին պատերազմի ժամանակ: Դա ապատեղեկատուութիւն եւ սուտ է: Փառուխ գիւղի մերձակայքում եւ Քարագլխի լանջերին հնագոյն ժամանակներից ի վեր բնակավայրեր են եղել: Այնտեղ կան հայկական միջնադարեան եկեղեցիներ, 10-14 դդ. գերեզմանոցնէր: Ատրպէյճանցի զինուորները ոչնչացնում են հայկական տապանաքարերը, իսկ մնացորդները ներկայացնում են որպէս «ատրպէյճանցիների» մնացորդներ», ընդգծած է Բաբայեանը:
«Այսպիսով, պղծելով եւ ոչնչացնելով հայկական պատմամշակութային ժառանգութիւնը` Ատրպէյճանը երկու նպատակ է հետապնդում. վերացնում է հայերի հնագոյն ներկայութեան ապացոյցը եւ երկրորդ, փորձում է դա ներկայացնել որպէս «ատրպէյճանցիների մնացորդներ»: 10-րդ դարում այդ հողում նոյնիսկ թուրքեր չեն եղել, նրանք շատ աւելի ուշ են յայտնուել: Միեւնոյն ժամանակ փորձեր են արւում շեղելու միջազգային հանրութեան ուշադրութիւնը` ոչ մի փաստացի տուեալ չտրամադրելով: Իրականում նոյնիսկ ուսանող հնագէտը կտարբերի հնագոյն գերեզմանները ժամանակակիցներից: Ատրպէյճանի նման քաղաքականութիւնը ոչ այլ ինչ է, քան հայոց պատմական ժառանգութեան մշակութային ցեղասպանութեան շարունակութիւն: Միջազգային հանրութիւնը պէտք է կատարուողին արձագանքի հաւուր պատշաճի», ընդգծած է Բաբայեանը` արձանագրելով, որ Ատրպէյճանը կը վարուի այնպէս, ինչպէս ժամանակին վարուած է Նախիջեւանի մէջ` վերացնելով հայկական խաչքարերը: