Քրէակատարողական ծառայութիւնը պարզաբանում տարածած է ֆիլմարտադրող Արմէն Գրիգորեանի՝ նախապէս ունեցած առողջական վիճակի վերաբերեալ, որուն մէջ ըսուած է․
«Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան նախարարութեան «Արմաւիր» քրէակատարողական հիմնարկում պահուած կալանաւորուած անձ Արմէն Գրիգորեանը հիմնարկ է ընդունուել 2022 թուականի մայիսի 18-ին:
Քրէակատարողական ծառայութեան կողմից տրամադրուած տեղեկատուութեան համաձայն՝ քրէակատարողական հիմնարկում գտնուելու ողջ ժամանակահատուածում կալանաւորուած անձ Արմէն Գրիգորեանի, նրա պաշտպանի կամ այլ անձի կողմից նրա առողջական հաւանական խնդիրների մասին քրէակատարողական հիմնարկի ծառայողներին, այդ թուում՝ վարչակազմին բանաւոր տեղեկութիւններ, դիմումներ, միջնորդութիւններ չեն ներկայացուել:
ՀՀ ԱՆ «Արմաւիր» քրէակատարողական հիմնարկի ծառայողների կողմից Արմէն Գրիգորեանի հետ միեւնոյն խցում գտնուած անձանց հետ անցկացուած բանաւոր հարցման արդիւնքում պարզուել է նաեւ, որ Արմէն Գրիգորեանը առողջական վիճակի վերաբերեալ քրէակատարողական հիմնարկում գտնուելու ողջ ժամանակահատուածում գանգատներ չի ներկայացրել նաեւ խցակիցների շրջանում:
«Քրէակատարողական բժշկութեան կեդրոն» ՊՈԱԿ-ի «Արմաւիր» ստորաբաժանման կողմից տրամադրուած տեղեկատուութեան համաձայն՝ հիմնարկ մուտք գործելուց յետոյ հերթապահ բուժքրոջ առաջնային զննութեան ժամանակ մարմնական վնասուածքներ չեն արձանագրուել, զարկերակային ճնշումը՝ -170/110, HCV/-/.. HIV/-/...COVID-19/-/ : 2022 թուականի մայիսի 19-ին Արմէն Գրիգորեանը մասնաշէնքի բժշկի կողմից եւս ենթարկուել է բժշկական զննութեան, որի արդիւնքում արձանագրուել են գանգատներ գլխացաւից, գլխապտոյտից, երբեմն գերճնշումից: Զարկերակային ճնշում՝ 160/100: Նախնական ախտորոշուել է՝ Զարկերակային հիպերտենզիա (ճնշման բարձրութիւն) I-IIօ: Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա /վեգետոնևրոզ/ ըստ անամնեզի (Neurocirculatory dystonia /vegetoneurosis/):
Անազատութեան մէջ գտնուելու ժամանակահատուածում Արմէն Գրիգորեանը գտնուել է նոյն ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողութեան տակ, ստացել է հակահիպերտենզիւ բուժում եւ բուժման ֆոնի վրայ հեմոտինամիք տուեալները եղել են նորմայի սահմաններում:
Նոյն ստորաբաժանման փաստաթղթաշրջանառութեան համաձայն՝ Արմէն Գրիգորեանի առողջական վիճակի վերաբերեալ տուեալ ստորաբաժանմանը որեւէ գրութիւն չի հասցէագրուել:
Միաժամանակ, հարկ է նշել, որ Քրէակատարողական ծառայութեան եւ «Քրէակատարողական բժշկութեան կեդրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրուած տեղեկութիւնների լիարժէքութիւնը ստուգելու նպատակով իրականացուում են լրացուցիչ ուսումնասիրութիւններ»: