Արդարադատութեան համակարգի վիճակը խայտառակութիւն է, պէտք է «վիրահատական ճանապարհով» լուծել: Այս մասին Ազգային Ժողովէն ներս Կառավարութեան ծրագրի (2021-2026 թուականներու) 2025 թուականի կատարման ընթացքի եւ արդիւնքներու մասին զեկոյցի քննարկման ժամանակ ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
«Այսօր արդարադատութեան համակարգում այն, ինչ տեղի է ունենում, խայտառակութիւն է, այլեւս էլ տեղ չկայ, ինչքան էլ մենք աջակցում ենք, օգնում ենք, ուզում ենք այնպէս անենք, որ փոփոխութիւնը առաջ գնայ, բայց այստեղ օրգանական պրոբլեմ կայ, ՀՀ-ում չի կարող լինել իշխանութեան մարմին, որը չի բխում ժողովրդից: Հայաստանում պէտք է ունենալ այնպիսի արդարադատութեան համակարգ, որը բխի ժողովրդից, դա հնարաւոր է միայն Սահմանադրութեան փոփոխութիւններով, եւ մենք դա պէտք է անենք:
Շատ ոլորտներում մենք մաֆիայի դէմ ենք պայքարում եւ այդ մաֆիան ունի իր մետաստազները բոլոր տեղերում՝ Ազգային Ժողովում, Կառավարութիւնում, դատարաններում, դատախազութիւնում, քննչական մարմիններում, ոստիկանութիւնում: Մենք պէտք է «վիրահատական ճանապարհներով» լուծենք արդարադատութեան հարցը, հերի՛ք է, ժողովրդի ներվերը ինչքա՞ն կարելի է քայքայել»,- նշած է Փաշինեանը:
«Ես կարծում եմ, որ դատական ոլորտի խնդիրների մի զգալի մասը հնարաւոր չի լինելու լուծել առանց նոր Սահմանադրութեան ընդունման, որովհետեւ այդ իներցիայով տեղապտոյտի վիճակն անընդհատ շարունակուելու է, եւ սահմանադրական կարգաւորումներ են պէտք, որպէսզի այդ շատ արհեստական պատեանները մենք կարողանանք մի կողմ դնել եւ առերեսուել դատական համակարգում առկայ իրավիճակին»,-ըսած է Փաշինեանը: