Շարք մը հասարակական կազմակերպութիւններ (ՀԿ) յայտարարութիւն տարածած են Արցախի մէջ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման վերաբերեալ: ՀԿ-ները պահանջներ ներկայացուցած են ՀՀ վարչապետին եւ կառավարութեան, մասնաւորապէս` ՀՀ ԱԳ նախարարութեանը, ԿԳՄՄ նախարարութեան:
Յայտարարութեան մէջ նշուած է․
«Ս․Թ․ Փետրուարի 3-ին ատրպէյճանական եւ միջազգային աղբիւրներից յայտնի է դարձել, որ Ատրպէյճանի կառավարութիւնը ձեւաւորել է «աղուանական պատմութեան եւ ճարտարապետութեան մասնագէտների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է` աղուանական ճարտարապետական յուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»: Ակնյայտ է, որ այս գործողութիւնն ուղղուած է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգութեան վերացմանը, որի արդիւնքում նաեւ հարցականի տակ է դրուելու արցախահայութեան սեփական հողի վրայ ապրելու պահանջների, նրանց իրաւունքների պաշտպանութեան հիմքը:
Այս ծիրին մէջ յատկանշական է յիշեցնել, որ Ատրպէյճանի իշխանութիւնները 2005 թուականին ոչնչացրել են Նախիջեւանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն` իր հազարաւոր արժէքաւոր խաչքարերով: Դրանք տեղահանուել ու ջարդուել են շինարարական տեխնիկայի օգնութեամբ եւ օգտագործուել որպէս շինանիւթ, իսկ գերեզմանոցի ազատուած տարածքը վերածել են զինավարժարանի: Այդպիսով Ատրպէյճանի իշխանութիւններն ապացուցել են, որ ընդունակ եւ հետեւողական են հայկական պատմական հետքերի ոչնչացմամբ իրականացնել ցեղային զտման իրենց քաղաքականութիւնը:
ՄԱԿ-ի Միջազգային արդարադատութեան դատարանը Հայաստանն ընդդէմ Ատրպէյճանի գործով իր 2021թ. Դեկտեմբերի 7-ի միջանկեալ միջոցների կիրառման վերաբերեալ որոշմամբ պահանջել է Ատրպէյճանից` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` կանխելու եւ պատժելու վանտալիզմի եւ պղծման բոլոր գործողութիւնները, որոնք կատարուել են հայկական մշակութային ժառանգութեան հանդէպ, այդ թւում` եկեղեցիների եւ պաշտամունքի այլ վայրերի, յուշարձանների, բնութեան վայրերի, գերեզմանների եւ այլ արտեֆակտների: Ատրպէյճանն իր ներկայիս գործողութիւններով ոտնահարում է տուեալ որոշումը եւ ապացուցում իր վճռականութիւնը աւարտին հասցնելու սկսած գործը:
Ցաւալիօրէն, Ատրպէյճանի նախագահ Ալիեւի պարբերական դարձած հայատեաց կոչերը ու անթաքոյց ցեղային զտման ու մշակութային ցեղասպանութեան քաղաքականութեանը պատշաճ եւ համարժէք արձագանգ չեն ստանում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից: Վերջինիս դիրքորոշումները յաճախ չեն համապատասխանում Հայաստանի ինքնիշխանութեան ու անվտանգութեան, Հայաստանի եւ Արցախի բնակչութեան մարդու իրաւունքների ոտնահարումներին առնչուող օրհասական իրավիճակի մարտահրաւէրներին:
Պահանջում ենք ՀՀ վարչապետից եւ կառավարութիւնից (մասնաւորապէս` ՀՀ Արտաքին գործերի նախարարութիւն եւ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարարութիւն),
ԱՆՅԱՊԱՂ
1. Ատրպէյճանի իշխանութիւնների կողմից հայկական մշակութային ժառանգութեան վերացմանը միտուած գործողութիւնների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատութեան դատարանին` Հայաստանն ընդդէմ Ատրպէյճանի գործով կիրառուած միջանկեալ միջոցի չկատարման/խախտման վերաբերեալ, անհրաժեշտութեան դէպքում` լրացուցիչ միջոցների կիրառում պահանջելու եւ նախատեսուող յանցագործութիւնները ու հայկական մշակութային ժառանգութեան անդառնալի կորուստը կանխելու նպատակով: