image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շուեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շուեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Հոկտեմբերի 15-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շուեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատուիրակութեանը` գլխաւորութեամբ խմբի անդամ Շտեֆան Միւլեր Ալտերմատի: 

Հանդիպմանը ներկայ էին նաեւ ՀՀ-ում Շուեյցարիայի Համադաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Լուկաս Ռոզէնկրացը, Շուեյցարիայի դաշնային պատգամաւոր Միշել Մատերը եւ Հայաստան–Շուեյցարիա խորհրդարանական խմբի գլխաւոր քարտուղար Սարգիս Շահինեանը:

Ողջունելով հիւրերի այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ արձանագրեց, որ հայ-շուեյցարական բարեկամական կապերն ունեն դարերի պատմութիւն: Նորին Սրբութիւնն իր երախտագիտութիւնը յայտնեց Շուեյցարիայի իշխանութիւններին Հայոց ցեղասպանութիւնից վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու, նրանց նկատմամբ հոգատար վերաբերմունք դրսեւորելու, ինչպէս նաեւ Հայոց ցեղասպանութիւնը դատապարտելու համար: 

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Շուեյցարիայի հայ համայնքը եւս իր ներդրումն է ունեցել երկու ժողովուրդների բարեկամական յարաբերութիւնների հաստատման գործում: 

Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակուող ագրեսիային` Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ Շուեյցարիան եւս իր ջանքերը կներդնի միջազգային հանրութեան հետ միասին կանխելու Ադրբեջանի ոտնձգութիւնները, ինչպէս նաեւ հետեւողական քայլեր կձեռնարկի գերության մէջ յայտնուած հայորդիների վերադարձման ուղղութեամբ:

Իր հերթին Շտեֆան Միւլեր Ալտերմատը Նորին Սրբութեանը տեղեկացրեց, որ Շուեյցարիայի Համադաշնութեան խորհրդարանում ջանքեր են գործադրւում դատապարտելու Ադրբեջանի ոտնձգութիւնները Հայաստանի ինքնիշխան տարածքի եւ Արցախի հայկական հոգեւոր ու մշակութային ժառանգութեան նկատմամբ: