image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սաքսոնիա-անհալթ երկրամասի Լանդթագի պատուիրակութիւնը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սաքսոնիա-անհալթ երկրամասի Լանդթագի պատուիրակութիւնը

Յուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Սաքսոնիա-անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին եւ նրա գլխաւորած պատուիրակութեանը` ուղեկցութեամբ Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Վիկտոր Ենգիբարեանի:

Հանդիպմանը ներկայ էին նաեւ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը եւ Վաղարշապատ համայնքի ղեկավար տիկին Դիանայ Գասպարեանը:

Դեսպան Ենգիբարեանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով հիւրերին, անդրադարձաւ պատուիրակութեան այցի նպատակներին:

Ողջունելով Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին եւ նրա գլխաւորած պատուիրակութեան անդամներին` Վեհափառ Հայրապետը խօսեց հայ ժողովրդի կեանքում Եկեղեցու ունեցած կարեւորագոյն դերակատարութեան մասին` յաւելելով, որ Հայ Եկեղեցու առաքելութիւնն անջնջելիօրէն միահիւսուած է հայ ժողովրդի պատմութեանը: Այս առնչութեամբ Նորին Սրբութիւնը նկատեց, որ քրիստոնէական հաւատքի շնորհիւ  հայորդիները դարերի ընթացքում դիմագրաւել են իրենց առջեւ ծառացած փորձութիւնները` պահպանելով ազգային ինքնութիւնը:

Հայոց Հովուապետն իր երախտագիտութիւնը յայտնեց Գերմանիայի իշխանութիւններին Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ Բունդեսթագի կողմից ընդունած դատապարտող բանաձեւի, ինչպէս նաեւ արցախեան 44-օրեայ պատրէազմի ընթացքում ցուցաբերած զօրակցութեան համար: 

Վեհափառ Հայրապետն անդրադարձաւ նաեւ արցախեան 44-օրեայ պատերազմի հետեւանքերին, գերիների վերադարձման հարցին եւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնուած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան նկատմամբ ոտնձգութիւններին` յոյս յայտնելով, որ միջազգային հանրութեան աջակցութեամբ տարածաշրջանում կը վերահաստատուի արդարութիւնը եւ խաղաղութիւնը: 

Անդրադառնալով Գերնամիայում հայկական համայնքի գործունէութեանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ արձնագրեց, որ հայ համայնքը եւ Հայ Եկեղեցին մշտապէս վայելում են Գերմանիայի իշխանութիւնների բարեացակամ վերաբերմունքը:

Իր հերթին նախագահ Գուննար Շելլենբերգերն ընդգծեց, որ իրենց նպատակն է Սաքսոնիա-անհալթ երկրամասի եւ Հայաստանի Հանրապետութեան յարաբերութիւնների սերտացմաբ էլ առաւել ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամական կապը: