Յուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Սերբիայի դեսպան Տատեանայ Պանայոտովիչ Ցուետկովիչին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց դեսպանին նշանակման առիթով եւ կարեւորեց երկու երկրների միջեւ յարաբերութիւնների ու գործակցութեան ընդլայնումը` նկատելով, որ դեսպանի մշտական ներկայութիւնը Հայաստանում էլ առաւել պիտի արդիւնաւորի նրա աշխատանքը:
Նորին Սրբութիւնն անդրադարձաւ հայ-սերբական պատմական կապերին` ընդգծելով Հայաստանեայց Առաքելական եւ Սերբ Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկայ ջերմ յարաբերութիւնները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր գնահատանքը բերեց սերբ ժողովրդին արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում ցուցաբերած զօրակցութեան համար:
Իր հերթին դեսպան Ցուետկովիչը, անդրադարձ կատարելով երկու ժողովուրդների պատմական անցեալին, ընդգծեց հայ եւ սերբ ժողովուրդների կեանքում առկայ նոյնական խնդիրները համատեղ, գործակցութեան ոգով յաղթահարելու անհրաժեշտութեան մասին:
Այս առիթով Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ քրիստոնէական միեւնոյն արժէքներ դաւանող հայ եւ սերբ ժողովուրդները դարերի ընթացքում յոյսով ու հաւատքով են վերապրել բոլոր փորձութիւնները եւ լաւատեսութեան ոգով յաղթահարել դրանք:
Հանդիպման աւարտին Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները բերեց նորանշանակ դեսպանին` մաղթելով վերջինիս արգասաբեր գործունէութիւն: