Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունած է ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի ուխտաւորները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունած է ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի ուխտաւորները

Յուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի Բոսթօնի շրջանի Հայփոյնթ համայնքի ուխտաւորներին` առաջնորդութեամբ հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տ. Վարդ քահանայ Գեօզալեանի:

Հանդիպման սկզբում Արժանապատիւ Տէր Հայրը ներկայացրեց ուխտաւորներին` հայցելով Նորին Սրբութեան օրհնութիւնը: 

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու պատգամը փոխանցեց ուխտաւորներին` կարեւորելով ուխտագնացութիւնների կազմակերպումը դէպի Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որոնք նորոգում են հայորդիների ազգային, հոգեւոր ապրումները` հաղորդ դարձնելով սեփական ինքնութեանը եւ հոգեւոր արժէքներին: 

Զրոյցի ընթացքում Հայոց Հովուապետը նաեւ անդրադարձ կատարեց Արցախում առկայ իրավիճակին եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրներին` վստահութիւն յայտնելով, որ հայորդիները լաւատեսութեան ոգով եւ զօրեղ հաւատքով կը յաղթահարեն բոլոր դժուարութիւնները:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնաւոր գնահատանքն ու օրհնութիւնը բերեց Արժանապատիւ Տ. Վարդ քահանայ Գեօզալեանին նախանձախնդիր ու նուիրեալ ծառայութեան համար:

Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաեւ ուխտաւորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի առաքելութեանն ու գործունէութեանը: