Կը յայտարարենք պայքարի նոր փուլ. համատեղելով բոլորիս ջանքերը՝ նոր թափով պիտի շարունակենք բողոքի ցոյցերը, անհնազանդութեան զանգուածային արշաւները, դիմատետրեան իր էջին յայտնած է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը:
Նոյնիսկ մեղադրանքներ կան այն մասին, իբր մենք համագործակցում ենք Նիկոլի հետ եւ յատուկ ծայրայեղ գործողութիւններ չենք իրականացնում, որ դաւաճանների իշխանութիւնն աւարտին հասցնի իր սեւ գործը։
Բոլոր այս հարցադրումներին ու մեղադրանքներին ուզում եմ շատ պարզ պատասխանել՝ Հայրենիքի փրկութեան շարժումն իր ձեւաւորման առաջին իսկ պահից ջանք չի խնայել դաւաճանի իշխանութիւնը րոպէ առաջ հեռացնելու համար։ Այս ողջ ընթացքում մենք առաջնորդուել ենք հենց այդ տրամաբանութեամբ։ Այո, մենք ունեցել ենք ե՛ւ ձեռքբերումներ, ե՛ւ բացթողումներ։ Բայց շատ վստահ կարող եմ պնդել, որ Հայրենիքի փրկութեան շարժման մշակած մօտեցումներն ու հռչակած նպատակները դարձել են համազգային օրակարգի հիմնական մաս։
Վստահ եմ՝ մօտ ապագայում մեր հայրենակիցների աւելի մեծ մաս է գալու այդ եզրայանգման եւ միանալու Հայրենիքի փրկութեան շարժմանը։
Սիրելի՛ հայրենակիցներ, բոլոր ձեռքբերումներով եւ բացթողումներով հանդերձ, եկէք փաստենք, որ շատ կարեւոր խնդիրներ արդէն լուծուած են. դաւաճան Նիկոլը Հայաստանում այլեւս իշխանութիւն չունի։ Նա չի կարող ազատ տեղաշարժուել մեր երկրում։ Նա չի կարող աշխատել քաղաքական իրական ուժերի հետ, չի կարող եկեղեցի մտնել, չի կարող մտաւորականների հետ շփուել եւ այլն, եւ այլն։
Եւ սա մեր հետեւողական պայքարի արդիւնքն է։
Նիկոլը persona non grata է ողջ Հայաստանում եւ հայկական աշխարհում։ Նիկոլի ձեռքն այսուհետեւ սեղմում է միայն թշնամին, եւ հենց թշնամու օգնութեամբ է նա շարունակում զբաղեցնել Հայաստանի վարչապետի պաշտօնը։ Բայց դա խիստ ժամանակաւոր է։ Նիկոլին մեր երկրում մշտապէս ուղեկցելու է դաւաճանի իր վաստակած կնիքը։ Արդէն իսկ այսօր երկիրն ու մեզ նա տեսնում է դաւաճանին ծառայող վահանների ետեւից։ Վաղը նա այդ ամէնը տեսնելու է ճաղերի ետեւից։ Կարող էք դրանում ոչ մի վայրկեան չկասկածել։
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք պէտք է պատրաստ լինենք ամենօրեայ յամառ ու աննահանջ պայքարի։
Առաջիկայ օրերին Հայրենիքի փրկութեան շարժումը կը շարունակի «բացատրական աշխատանքներ» տանել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցութեան՝ Նիկոլին ծառայող պատգամաւորների, նրա թիմի այլ անդամների հետ։ Եւ այս աշխատանքի ծիրէն ներս խնդրանք ունեմ դաւաճանին հեռացնելու հարցով մտահոգ մեր բոլոր համաքաղաքացիներին՝ ձեր բողոքն ու զայրոյթը փոխանցէք նրանց։ Բացատրէք, որ դաւաճանի հետ լինելն ու նրան պաշտպանելը նոյնպէս դաւաճանութիւն է։ Աշխատէք ձեր հարեւանների, մտերիմների ու հարազատների հետ, բացատրէք նրանց, որ Հայաստանը փրկութեան միայն մէկ ուղի ունի՝ դաւաճանի հեռացումը։ Առանց դրա չի լինելու ո՛չ անվտանգութիւն, ո՛չ բարեկեցութիւն եւ ո՛չ էլ ապագայ։
Ուստի, յայտարարում ենք պայքարի նոր փուլ։ Համատեղելով բոլորիս ջանքերը՝ նոր թափով շարունակելու ենք բողոքի ցոյցերը, անհնազանդութեան զանգուածային ակցիաները եւ զանազան այլ միջոցառումները՝ ամօթի պատին գամելով եւ հեռացնելով Հայրենիքը վաճառած դաւաճաններին։
Հեշտ չի լինելու։ Դա դժուար ուղի է։ Բայց մենք պէտք է հասկանանք, որ մեծ արհաւիրքների յաղթահարումը մեծ ջանքեր է պահանջում։
Ուրեմն ի գործ, սիրելի հայրենակիցներ։ Հիասթափուել չկայ, յոգնել չկայ։ Գործի մեծ մասն արդէն արուած է։ Մնացածն էլ գլուխ կը բերենք եւ կ'անցնենք էլ աւելի դժուար, բայց շատ կարեւոր աշխատանքի՝ Հայրենիքի վերակառուցմանն ու անվտանգութեան ապահովմանը։
Աստծո՛վ»,- գրած է Իշխան Սաղաթէլեանը։