image

Վերեի գերեզմանատանը բարեկարգվել են հայ մեծերի շիրիմները. լուսանկարներ

Վերեի գերեզմանատանը բարեկարգվել են հայ մեծերի շիրիմները. լուսանկարներ

Թբիլիսի քաղաքի Վերեի գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի 30-ականներին և ի սկզբանե եղել է միայն հարուստ և ազնվական ծագում ունեցող մարդկանց հուղարկավորման վայր: Գերեզմանատանը հանգչում են հայ հասարակական գործիչներ, գիտնականներ, որոնք զգալի ներդրում են մտցրել քաղաքի կյանքի տարբեր ոլորտների զարգացման գործում: Գերեզմանատան մոռացված տապանաքարերը այսօր էլ շարունակում են երևելի մնալ իրենց դամբարանային վեհությամբ...

Վիրահայոց թեմի մամլո ծառայությունից տեղեկանում ենք, որ Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ օրերս մի խումբ հայ երիտասարդներ Վերեի գերեզմանատանը բարեկարգել են անխնամ մնացած հայերի շիրիմները: Գերեզմանատանն են գտնվում հայկական ծագում ունեցող մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների՝ Խուդադովի, Մելիք-Ազարյանցի, Գիրգիդովի, Էնիկոլոպովների շիրիմները, խոշոր սեփականատեր-գործարարներ Յուզբաշևների, Անանովների, Նամուրադյանցի, Բոզրջյանցի, լեզվաբան և հայագետ Շահան Ջրպետյանի և նրա կնոջ, ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելովի դամբարանները: Դրանք քաղաքի այն նվիրյալների շիրիմներն են, որոնց հարազատները խորհրդային տարիներին աքսորվել, գնդակահարվել կամ տեղափոխվել են արտասահման:

Վիրահայոց թեմից տեղեկացնում են նաև, որ Վերեից բացի հայ երիտասարդների խումբը շաբաթօրյակներ է կազմակերպում նաև  Խոջիվանքի պանթեոնում ու Պետրեպավլեի գերեզմանոցում: