image

Վահրամ Մարտիրոսյան. Ո՞ւմ գովքն է ազդարարում սոցիալական գովազդը

Վահրամ Մարտիրոսյան. Ո՞ւմ գովքն է ազդարարում սոցիալական գովազդը

Մեդիայի դերին ուղղակիորեն վերաբերող Վահրամ Մարտիրոսյանի նյութը  մերժվել է մեդիայի կողմից։ Գրող, հրապարակախոսը զարմացած է: Նա փորձել է այլ մեդիա միջոցներով տարածել նյութը:  Ներկայացնում ենք Վահրամ Մարտիրոսյանի մերժված նյութը:

 

Նոր ժամանակների երևույթ է սոցիալական գովազդը, բայց Արևմուտքի կողմից խրախուսված, Արևմուտքից ընդօրինակված շատ նորույթների նման Հայաստանում հաճախ կիրառվում է դրվագային՝ ըստ դրամաշնորհի առկայության, սահմանափակվում բարեկեցիկ երկրների թեմաներով՝ բնապահպանություն, առողջ կենսակերպ և այլն։ Մինչդեռ մեր երկրի ամեն երրորդ, եթե ոչ երկրորդ բնակիչը գոյությունը պահպանելու խնդիր ունի, իսկ սահմանափակ հնարավորություններով մարդիկ էլ ավելի ծանր վիճակում են։ 

Ասածս ինչ է։ Մի քանի օր առաջ Սևան քաղաքում շատ դրամատիկ մի պատմություն իմացա, երբ առիթ եղավ «Երկնային մանանա» սոցիալական ձեռնարկությունում լինելու։ Այստեղ ալյուրից թխում են իսկական մեղրով փախլավա, ստեղծարար մոտեցում ունեն՝ «Շամպինյոն», «Կոճղ» թխվածքաբլիթները նորամուծություն են, գաթան, խաչապուրին պատրաստելիս էլ օգտագործում են ավանդական տեխնոլոգիաներ։ 
Ձեռնարկությունն աշխատանքով ապահովում է 12 հաշմանդամի։ Ավելի ստույգ՝ ապահովում էր։ Քանի որ անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ խաչապուրու սպառումը, դիցուք, նվազել է… 10 անգամ։ Օրական 80 կգ-ից իջել է 8-ի։ Աշխատակցուհիները օրը մի քանի ժամ կամ օրումեջ են գալիս գործի։ Պատճառներից մեկը «տնտեսական աճն» է՝ մարդկանց գնողունակությունն ընկել է։ Մյուս պատճառը. ձեռնարկության ներկայացուցիչը մեծ դժվարությամբ կարողացել է հանդիպել հայ օլիգարխներից մեկի հետ ու խնդրել, որ իր սուպերմարկետներում ընդունեն «Երկնային մանանայի» արտադրանքը։ Օլիգարխս առերես համաձայնել է, բայց ոչ միայն չի արել, այլև… շաբաթներ անց՝ մտածելով, որ էդ բիզնեսը ծաղկում է քաղաքում իրենից թաքուն, Սևանում նույն տեսակի թխվածքների արտադրամաս է բացել։ Որտեղ, բնականաբար, իր ներմուծած ալյուրի մեծածախ գնի, մեղրի փոխարեն շաքարավազ, այլ բնական նյութերի փոխարեն արհեստականները օգտագործելու հաշվին արտադրությունն ավելի էժան է, ապրանքն ավելի մրցունակ։
(Ի դեպ, Հայաստանում կա 196 հազար հաշմանդամություն ունեցող անձ, որևէ հարկային արտոնություն նրանց համար չի նախատեսված, աշխատանք ունի միայն 8 տոկոսը)։
Երբ օլիգարխները, իրենց անվանն ու էությանը հարազատ, գործում են հանրության դեմ, քաղաքացիների շահերը ներկայացնող մեդիան իրավունք չունի իր սոցիալական քաղաքականությունը սահմանափակել «բովանդակության և գրառումների վերաբերյալ կայքը պատասխանատվություն չի կրում» կարգի հայտարարություններով։ 
Սոցիալական պատասխանատվության հիանալի դրսևորումներից մեկը կլինի խոցելի խմբերի անդամներից կազմված ձեռնարկությունների անվճար գովազդը, ինչպես նաև դրանց արտադրանքից օգտվելն ու այդ մասին տեղեկությունը տարածելը։ 
Այսպիսով, «Երկնային մանանա» սոցիալական ձեռնարկության հեռախոսահամարն է՝ 099 08 58 14։ Թխվածքները կարելի է նաև Երևանից պատվիրել՝ մեղրով պատրաստված համեղ փախլավան իր որակները չի կորցնում շաբաթներ շարունակ։