«Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը դիմատետրեան իր էջին գրառում կատարած է՝ նշելով Նիկոլ Փաշինեանի՝ արտահերթ ընտրութիւններ կայացնելու մտքէն հրաժարելու 3 հիմնական պատճառները:
«Առաջին՝ վարչապետի աթոռին կառչած անձը հասկացել է, որ ընտրութիւնների միջոցով վերարտադրուելու շանս (առիթ) չունի՝ դա պարզապէս անհնար է։
Երկրորդ՝ նոյն անձը հասկացել է, որ այդ ճանապարհով գնալու դէպքում լուրջ խնդիրներ է ունենալու սեփական թիմի հետ, քանի որ խորհրդարանում բախտի բերմամբ յայտնուած «ուսապարկերի» մեծ մասը զգացել է մանտաթն անվերադարձ կորցնելու վտանգը։
Երրորդ՝ մտածում են՝ Շարժումը մարել է, եւ մի քիչ էլ հասարակութեանը կեղծ օրակարգերով շեղելու դէպքում իրենց արածը կը մարսուի, կ'անցնի, կը գնայ։
Ուստի որոշել են «զոռպայութեամբ» պահել իրենց իշխանութիւնը՝ փորձելով այն տարբեր մեթոտներով ամրապնդել: Բայց հենց այստեղ էլ չարաչար սխալւում են, քանի որ փոփուլիստ- դաւաճանները կարող են սեփական ժողովրդին խաբել մէկ անգամ, երկրորդը՝ չի ստացուելու»,- գրած է Սաղաթէլեանը եւ աւելցուցած, որ այժմ այն քաղաքացիները, որոնք կը մտածէին ընտրութիւններու միջոցով ազատիլ այս չարիքի իշխանութենէն, արդէն դուրս կու գան փողոց:
«Հենց այդ ժամանակ էլ «հպարտ դուխովները» իրենց մաշկի վրայ կը զգան հասարակական պահանջը։
Առաջիկայ հանրահաւաքը՝ փետրուարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատութեան հրապարակում:
Յ.Գ. Ի միջիայլոց, ընդդիմադիր կուսակցութիւններից որեւէ մէկը, այդ թուում՝ խորհրդարանական ուժերը, ոչ միայն դէմ չեն եղել արտահերթ ընտրութիւններին, այլ ընդհակառակը՝ ներկայացրել են դրա պահանջը եւ անհրաժեշտութիւնը՝ միաժամանակ նշելով դրան հասնելու շատ յստակ ճանապարհային քարտէզը (հրաժարական, անցումային կառավարութեան ձեւաւորում, արտահերթ ընտրութիւնների անցկացում)»,- գրած է Իշխան Սաղաթէլեանը: