image

Մոռացված մի երգ Անդրանիկի մասին

Մոռացված մի երգ Անդրանիկի մասին

Կարո Վարդանյան-գրականագետ

Տարեց սյունեցիներից շատերը հաստատ լսել են աշուղ Աթայի՝ Աթա Սայիլյանի (1852-1942) անունը: Ծնվել է Գորիսի շրջանի Քարաշեն գյուղում: Աշուղական արվեստը յուրացրել էր քաջերի ոստանում՝ Սյունիք-Արցախ սահմանի Ղարաղշլաղ գյուղում:

 

Այս գյուղը հայտնի էր իր աննկուն բնակիչներով, բայց շրջապատված լինելով թաթարական հորդաներով, 1918-ի աշնանը օրհասական մարտերի ընթացքում կրակի ճարակ դարձավ: Թաթարներին իր զորամասերով միացել էր նաև Էնվերի եղբայրը՝ Նուրի փաշան, որ օրեր առաջ գրավել էր Բաքուն, 30 000 հայ մորթել ու հասել էր Սյունիքի սահմանները՝ նույն մտադրությամբ: Այս օրերին է, որ Անդրանիկը իրականացրեց իր անհնարին ձեռնարկներից մեկը՝ մեն մի ջոկատով սկսեց թուրքերից ու թաթարներից մաքրել Արցախ տանող ճանապարհը: Իրադարձությունների ականատես աշուղ Աթան շատերի նման սքանչացավ Զորավարով ու ստեղծեց ժամանակին լայնորեն տարածված իր մի երգը՝ նվիրված նրան:

Սա և դյուցազներգություն է, և երգ-աշխարհագրություն, որտեղ երևում են այսօր դավադրաբար թաթարին հանձնվող մեր կենսական տարածքները՝ Սուսը, Զաբուղ գետը, Մարքիզ սարը...

Ահավասի՛կ.

«Անդրանիկ փաշան հասավ Զաբուղ գետին,

Բոլորդ եկեք օսմանցու վային,

Քշեց փաշան նրանց, սահմանից փախցրեց,

Սուսից մինչեւ Մարքիզ քարուքանդ արեց:

Չդիմացան օսմանցիք, գցեցին զենքերը,

Տեսան, որ իզուր է կռիվ անելը,

Սուս ու Մարքիզի դիրքերը թողած,

Դես  ու դեն փախան քաջից սարսափած:

Կյանքդ թող երկարի, ով հզոր փաշա,

Այս ծանր օրերին եղար մեզ պաշտպան,

Օսմանցու միայն թիկունքը տեսար,

Քարավաններին բացիր ճանապարհ»:

 («Զանգեզուր»  թերթ, 18 հունվարի 1990 թ. )