image

Լիբանանից Երեւան. Ապագա բժիշկը

Լիբանանից Երեւան. Ապագա բժիշկը

Լիբանանահայ Ջեք Յակուբյանը սովորում է Երեւանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Գիտության ուղիով իր «ճանապարհորդությունը» սկսվել է ոլորտի հանդեպ անվերջ հետաքրքրության շնորհիվ: 

«Ես միշտ տալիս էի ամենակարեւոր հարցերը՝ «Ինչու՞» եւ «Ինչպես՞», եւ այս հետաքրքրասիրությունն ինձ առաջնորդեց դեպի բժշկության գաղտնիքները: Իմ ակադեմիական ուղին սկսվեց այն ժամանակ, երբ ավարտեցի քոլեջը 2013 թվականին եւ ընդունվեցի Բեյրութի Հայկազյան համալսարան՝ բժշկական լաբորատոր գիտությունների մասնագիտությամբ: 2017 թվականին ավարտել եմ բժշկական լաբորատորիայի կենսագիտությունների բակալավրը եւ արդեն ստացել եմ հիվանդանոցային լաբորատորիայում եւ արյան բանկում աշխատելու առաջարկ։ Որտեղ աշխատել եմ 2 տարի»,-նշում է ապագա բժիշկը։ 

Ջեք Յակուբյանը Հայկազյան համալսարանում առաջարկ է ստացել շարունակել կրթությունը մագիստրատուրայում՝ մոլեկուլային կենսաբանություն մասնագիտությամբ:

«Այնուամենայնիվ, հրաժարվեցի, որովհետեւ ուզում էի բժիշկ դառնալ ու ճանապարհորդել, բայց կցանկանայի ունենալ մոլեկուլային կենսաբանության մագիստրոսի աստիճան՝ կապված քաղցկեղի հետազոտության հետ: 2017 թվականի ամռանը երկու տարի կենսաբանություն  սովորեցի Լիբանանի պետական համալսարանում բժշկական դպրոց ընդունվելու համար, սակայն որոշ խնդիրների պատճառով որոշեցի հեռանալ Լիբանանից՝ իրականացնելու իմ երազանքը»,- պատմում է ապագա բժիշկը:

Նա 2019 թվականին հայրենադարձվել է Հայաստան եւ ընդունվել Երեւանի պետական բժշկական համալսարան` սկսելով բժիշկ դառնալու ճանապարհը. 

«Մեկ կիսամյակ անց սկսվեց համավարակը, ծանր օրեր էին: 2020 թվականը լիբանանահայի համար ամենածանր տարիներից էր. մենք ոչ միայն պայքարում էինք գլոբալ համավարակի դեմ: Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն տեղի ունեցավ Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում: Մենք ապրում ենք այդ տարածքին մոտ: Տատիկս վիրավորվեց: Մեր տունը եւս վնասվել էր: Կարճ ժամանակ անց սկսվեց պատերազմը, եւ ես որպես հայ չէի կարող այս պատերազմի ժամանակ թիկունքում նստել եւ չօգնել իմ հայրենիքին»: 

Ընկերների հետ բարեգործական աշխատանքին զուգահեռ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում կամավորական աշխատանք է իրականացրել: Օգնում էր բժիշկներին վիրավոր զինվորիներին բուժօգնություն ցուցաբերելու գործում: 

«Պայքարը երկու ճակատով էր, օգնում էինք նաեւ Covid-19-ով վարակված հիվանդներին բուժող բժիշկներին: Այդ ընթացքում փորձում էի հենարան լինել հայրենիքիս: Հիմա արդեն ուզում եմ խոնարհվել այն տղաների առաջ, որոնք պայքարում էին, որ մենք ապրենք»,-ասում է ապագա բժիշկը: 

Յակուբյանի խոսքով, 2020 թվականը թեեւ դժվար էր, բայց շատ բան սովորեցրեց իրեն մասնագիտական առումով: Ամեն անգամ Լիբանանում գտնվելիս այցելում է հիվանդանոցներ, փորձում ժամանակը լրացնել սովորելով եւ կամավոր աշխատում՝ փորձառություն ձեռք բերելու համար:

«Որպես նեղ մասնագիտացում կընտրեմ սրտաբանություն եւ գաստրոէնտերոլոգիա: Ես հայրենադարձվել եմ Հայաստան, եւ իմ կյանքի նպատակներից է միշտ փորձել կատարելագործվել, որպեսզի մեր երկիրը կարողանանք ավելի ծաղկուն դարձնել եւ ոգեշնչել հաջորդ սերնդին հետեւել գիտությանը, նպաստել դրա առաջընթացին»,-ապագայի ծրագրերն է բացահայտում Ջեք Յակուբյանը:

Երեւանի պետական բժշկական համալսարան