- Ի՞նչ հիվանդություն է ծերունական փսիխոզը: Արդյո՞ք բոլոր զառամյալներն են դատապարտված տառապելու այդ հիվանդությամբ։
Պատասխանում է հոգեբույժ-հոգեթերապեւտ, «Արաբկիր» առողջության կենտրոնի բժիշկ Հարություն Մինասյանը
- Օրգանիզմի ծերացմանը զուգահեռ զարգանում է ուղեղի անոթների աթերոսկլերոզ և ուղեղի սնուցման խանգարում, որի հետևանքով դանդաղորեն փոխվում է մարդու հոգեկան գործունեությունը՝ նվազում է բանականությունը, սրվում են բնավորության գծերը, խաթարվում` վարքը։ Նախկինում խնայող մարդը դառնում է գծուծ, առատաձեռնը` վատնող, մաքրասերը՝ մաքրամոլ, թափթփվածը՝ փնթի, պարտաճանաչը՝ բծախնդիր, զգուշավորը՝ կասկածամիտ և այլն։ Որոշակի ժառանգական նախատրամադրվածություն ունեցող, կամ նախկինում ուղեղի որևէ հիվանդություն կրած անձանց մոտ վերոհիշյալ փոփոխությունները աստիճանաբար վերածվում են հոգեկան հիվանդության։
Ծերունական փսիխոզը սովորաբար սկսվում է 70-ից բարձր տարիքում, իսկ երբեմն ավելի վաղ։ Հիվանդության առաջին նշաններից մեկը հիշողության թուլացումն է։ Հիվանդը դժվարությամբ է յուրացնում նոր ինֆորմացիան, խառնում է տարեթվերը, շփոթում դեմքերն ու անունները, մոռանում իրերի տեղը։ Մինչդեռ լավ է հիշում երիտասարդության կամ մանկության տարիների իրադարձությունները։ Հաճախ խանգարվում է հիվանդի քունը։ Նա գիշերը շրջում է բնակարանում, ստուգում փականները, հավաքում ու թաքցնում իրերը, բաց ու խուփ անում դռներն ու դարակները, միացնում ու անջատում լույսը, հեռուստացույցը, գազը և այլն։ Մինչդեռ ցերեկը լինում է քնկոտ ու շփոթահար կամ՝ անհանգիստ ու տագնապային։
Ծերունական փսիխոզի հիմնական նշաններն են լսողական, տեսողական, համի, հոտառական, շոշափական ցնորքները, վերաբերման, հետապնդման, թունավորման, կողոպտված կամ թալանված լինելու զառանցանքները, որոնցով էլ պայմանավորված է հիվանդի վարքը։ Նա հայտնում է, թե հարազատներն ու հարևանները իրեն ատում են, թունավորում, թալանում։ Այդ պատճառով նա թաքցնում է իրերն ու սննդամթերքը և մոռանալով դրանց տեղը, ենթադրում, թե գողացել են։
Հիվանդության զարգացմանը զուգահեռ արագորեն խորանում է թուլամտությունը։ Հիվանդը սկսում է բնակարանը լցնել անպետք իրերով ու աղբով, դառնում է թափթփված, փնթի, եսասեր, շատակեր, կռվազան, հայցամոլ և այլն։ Նա հաճախ դառնում է խիստ վտանգավոր ինչպես իր (ինքնասպանություն), այնպես էլ ընտանիքի ու շրջապատի համար։ Այնպես որ, ձեր հարազատի մոտ հիվանդության առաջին իսկ նշանները նկատելիս անհրաժեշտ է դիմել հոգեբույժի և նրա խորհրդով կազմակերպել հիվանդի բուժումը տնային կամ հիվանդանոցային պայմաններում: