Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին քիչ առաջ հրաժարական է տվել: Հարիրին իր հրաժարականի մասին հայտնել է «Ալ-Արաբիա» կայանի ուղիղ եթերում՝ նշելով, որ Լիբանանի ընդհանուր իրավիճակը շատ վտանգավոր է, եւ ինքն անձամբ կարող է ահաբեկչության զոհ դառնալ: Նա նաեւ հայտնել է, որ չնայած բոլոր ջանքերին՝ Լիբանանը հեռու պահել տարածաշրջանային հարցերից, Իրանն ամեն կերպ փորձում է իր կամքը թելադրել: Լիբանանի վարչապետը երկրի այսօրվա իրավիճակը նմանեցրել է իր հոր՝ նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության օրերի իրավիճակին:
Հարիրիի կարծիքով լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպությունը համարվում է Իրանի գործիքը ոչ միայն Լիբանանում, այլեւ՝ ողջ տարածաշրջանում: Նա հույս է հայտնել, որ լիբանանցիներն իրենց մեջ բավարար ուժ կգտնեն՝ ներքին ու արտաքին բոլոր ճնշումների դեմ կանգնելու համար:
Հրաժարականի մասին ելույթին նախորդել է Իրանի Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդի ներկայացուցչի եւ Հարիրիի հետ հանդիպումը:
Ավելի ուշ Հարիրին մեկնել է Ալ-Ռիադ: