Օրեր առաջ Ադրբեջանը հրապարակել էր Հայաստան վերադարձող գերիների անունների ցուցակ, որի մեջ էր նաեւ լիբանանահայ գերեվարված Վիգեն Էոլճեքչյանի անունը:
Այսօր, սակայն, պարզ դարձավ, որ Բաքվի բանտում գտնվող Վիգենը Հայաստան վերադարձած 32 գերիների մեջ չէ: Թե ինչո՞ւ է նրա անունը հանվել ցուցակից, հարազատները, որոնք անհամբեր սպասում էին Վիգենի վերադարձին, չգիտեն, պարզաբանում չեն արել նաեւ ՀՀ պատկան մարմինները:
Վիգենի հարազատները վերջերս հաճախ էին հայտարարում, որ Վիգենը առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի մասին հայտնել է հարազատների հետ զրույցում. բանտում մեկ օր ավելի մնալը սրում է նրա առողջական վիճակը:
Հիշեցնենք. Վիգեն Էոլճեքչյանը գերեվարվել էր նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո` Շուշիի մերձակայքում, երբ լիբանանահայ իր ծանոթուհու՝ Մարալ Նաջարյանի հետ գնացել էր այնտեղ մնացած իրերը վերցնելու: Նրանք գերեվարվել էին երկուսով, Մարալ Նաջարայնն ազատ է արձակվել 2021-ի մարտին, իսկ Վիգենին Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել՝ վարձկանության ու ահաբեկչության մեղադրանքներով: Նրա ազատազրկման ընթացքում մահացել է մայրը՝ այդպես էլ չտեսնելով որդու ազատումը բանտից: